2 օրից կսկսվի ՀԱՊԿ զորքերի փուլային դուրսբերումը Ղազախստանի տարածքից. Տոկաև

2 օրից կսկսվի ՀԱՊԿ զորքերի փուլային դուրսբերումը Ղազախստանի տարածքից. Տոկաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում հաջողությամբ ավարտվել է: 

«Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով՝ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից, այն կտևի 10 օրից ոչ ավելի։

Մեջլիսում (խորհրդարանի ստորին պալատում) իր ելույթի ժամանակ Տոկաևն ասել է, որ իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում կայունացել է։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հավելել է, որ Ղազախստանը օրինական կերպով, համապատասխան բոլոր ընթացակարգերով օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին։ Նախագահը մեջլիսում խիստ  քննադատել է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատանքը, որը «վտանգը չի տեսել և չի կանխել այն՝ նախքան սկսելը»։

«Ռադիկալ միջոցների կատարողների նախապատրաստումն իրականացվել է դավադիր ձևով։ Ազգային անվտանգության կոմիտեն, որպես լիազոր մարմին, չկարողացավ և չցանկացավ հստակ գնահատական տալ այս դիվերսիոն աշխատանքին, չնկատեց ազգային անվտանգությանը սպառնացող կրիտիկական վտանգը։ Հարձակման կազմակերպիչներին մնում էր միայն մի պատրվակ գտնելը, որն ամեն դեպքում կհայտնվեր»,- համոզված է Ղազախստանի նախագահը։

Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ 

ՀԱՊԿ-ը հունվարի 6-ին հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Հայաստանից ՀԱՊԿ զորամիավորման կազմում Ղազախստան է մեկնել 100 զինծառայող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում