Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ տարիներ շարունակ ձգվող հաջող համագործակցությունն առավել կխորանա և կընդլայնվի: Նրա խոսքով՝ ներկայում ընթանում են հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումներ, և այս փուլում նախարարությունը կարևոր աջակցություն է ստացել հիմնադրամից՝ «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչի վերանայման և ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում:
«Այս ամենն օգնում է մեզ իրականացնել նաև հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ստացումը: Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել նախագծային ուսուցման կարևորությունը, որը հնարավորություն ունենք իրականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հիմնադրամի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է:
Ստեֆան Մալերիուսը հավաստել է, որ նախարարության և հիմնադրամի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ այլ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնելով:
«Ուրախ եմ, որ հիմնադրամի աջակցությամբ մշակված դասագրքերն ու մեթոդական ուղեցույցներն օգնում են, որպեսզի ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ավելի դյուրին և արագ տեղի ունենան»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է նաև հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ դրանում ներառելով բոլոր մարզերը:
Կողմերը դիտարկել են նաև հիմնադրամի հնարավոր աջակցությունն առարկայական չափորոշիչների փորձարկումից հետո՝ դրանց լրամշակման փուլում, ինչպես նաև ավելի հեռանկարային ծրագրերում՝ ուսուցիչների պատրաստման գործընթացում:
Կարծիքներ