Ներկրված 30 նոր ավտոբուսները կշահագործվեն երեք երթուղիներում՝ N26-ում, N99-ում, կբացվի նաեւ մեկ նոր երթուղի
Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն քաղաքում են, այս ամսվանից կշահագործվեն 3 երթուղիներում։ Խոսքը նախկին 26, 99 միկրոավտոբոսային երթուղիների մասին է, իսկ երրորդը կլինի նոր երթուղի։
Համար 26 երթուղին, որը տեւական ժամանակ է, ինչ չի սպասակվում, Աջափնյակի «Խոպան» կոչվող թաղամասը կապում էր Նոր Նորք վարչական շրջանի հետ։ Երթուղին անցնում էր Լենինգրադյան փողոցով, Ծիծեռնակաբերդի խճուղով, քաղաքի կենտրոնական փողոցնեով հասնում Աբովյան պուրակ եւ ապա Նոր Նորք։
99 համարի երթուղին սկսվում էր Հարավ-արեւմտյան թաղամասից, Սեբաստիայի պողոտայով հասնում Կենտրոնական ավտոկայան, այնուհետեւ շարունակվում դեպի մայրաքաղաքի Կենտրոն ու հասնում Քանաքեռ-Քեյթուն՝ անցնելով խոշոր բուհերի մոտով։
«Համարները կարող են նույնը մնալ, կարող են փոփոխվել։ Երթուղիներն էլ նույնը մնալով հանդերձ որոշակի կփոփոխվեն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է երրորդ՝ նոր երթուղուն, այն Չարբախ թաղամասը կկապի Ծարավ Աղբյուր թաղամասի հետ։
«Սա շատ կարեւոր է, որովհետեւ երկու կողմից էլ մենք ունեինք խնդիր։ Չարբախում մեր բնակչության մի որոշակի հատվածը տրանսպորտի լուրջ խնդիր ունեցել է միշտ, իսկ Ծարավ աղբյուր նոր ձեւավորված եւ զարգացող թաղամասը, ըստ էության, իր ստեղծման օրվանից լուրջ տրանսպորտային խնդիր է ունեցել, եւ այս փոփոխությամբ այդ խնդիրները կարող ենք մեծապես լուծված համարել, չնայած մյուս երթուղիներն էլ, որոնց մասին ես խոսում եմ, էլի շատ կարեւոր են», - ասաց Հակոբ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ վարորդները հատուկ համազգեստ են կրելու եւ հավելեց, որ դրանք արդեն պատրաստ են։ Վարորդների համազգետները կլինեն Երեւանի տարբերանշանով։
Ներկված եւ դեռ ներկրվելիք նոր ավտոբուսները, ինչպես արդեն հայտարարվել է, համապատասխանում են Ժամանակից բոլոր պահանջներին, մասնավորապես ներառական են, հարմարեցված են երեխայի հետ երթեւեկող ուղեւորների համար։ Նաեւ կահավորված են էլետրոնային լուսատախտակներով։
Դրանք չորսն են՝ մեկը ավտոբուսի ներսում, երեքը՝ դրսի հատվածում՝ առջեւից, հետեւից եւ աջ կողմից՝ կանգառի ուղղությամբ։ Կլինի ՋիՓիԷս համակարգ։
Վճարումը սկզբում կիրականացվի ուղեվարձի համար նախատեսված հատուկ արկղում, իսկ ավելի ուշ, շարժակազմի համալրմանը զուգահեռ, կներդրվի միասնական էլեկտրոնային վճարային համակարգ։
«Ուզում եմ շեշտել այս վճարման համակարգի կարեւորությունը, որովհետե ներկայիս գործող համակարգը, երբ վարորդը նաեւ հսկիչ է, որոշակի անհարմարություններ է ստեղծում։ Գիտենք, բոլորս ենք առնչվում։ Վճարում ես վարորդին, վարորդն իր հիմնական գործառույթից շեղվում է, սկսում է մանր որոնել եւ այլն։ Բացի դրանից, քանի որ իր եկամուտը ներկայումս ուղղակիորեն կախված է ուղեւորների քանակից, վարորդը շահագրգռված է հնարավորինս շատ ուղեւոր տեղափոխել։ Դա հանգեցնում է ավտոբուսի գերբեռնվածությանը, նաեւ բուն երթեւեկության՝ տրանսպորտի ընթացքի վրա է ազդում։ Կան վարորդներ, որոնք շտապում են, որ ավելի շատ ուղեւորներ վերցնեն, կան վարորդներ, որոնք հակառակը դանդաղեցնում են ընթացքը, որ ավելի շատ ուղեւորներ վերցնեն, նաեւ կանգառներում են մեքենաների կուտակումներ առաջանում։ Այսինքն՝ վարորդին վճարման գործառույթից ազատելու միջոցով ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի»,- հավելեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Վարորդն, ըստ նրա, կստանա կայուն աշխատավարձ ու նաեւ բոնուսներ եւ կերթեւեկի սահմանված ժամանակացույցով՝ առանց շտապելու կամ դանդաղելու։
Իսկ թե որքան է կազմելու նրանց վճարվող կայուն աշխատավարձը, Կարապետյանը չնշեց։ Միայն ընդգծեց․ «Պատշաճ վարձատրություն է լինելու»։
Քաղաքապետ Հայկ Մարությանը, նախորդ տարեվերջին ներկայացնելով Երեւան հասած երեսուն ավտոբուսները, տեղեկացրել էր, որ եւս 30-ը կստացվեն հունվարին, իսկ 40-ը՝ փետրվարին ու որ առաջին խմբաքանակը երթուղի դուրս կգա այս տարվա հունվարի կեսին։
Ավտոբուսները, նրա փոխանցմամբ, ունեն 17 նստատեղ եւ կանգնելու առնվազն 6 տեղ։ Մուտքը մեկն է, բայց երկդռնանի։ Ավտոբուսները ցածր հատակով են՝ հարմարեցված տարեցների, մանկասայլակով ծնողների, հաշմանդամություն ունեցող ուղեւորների համար։ Ուղեւորասրահում ունեն ջեռուցման եւ օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի բարձրությունը ուղեւորներին թույլ է տալու ամբողջ հասակով կանգնել։ Ավտոբուսում, բացի ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակներից, կան կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր։ Մեքենաներում տեղեկատվական գրությունները հայերեն են։
Ավտոբուսները ձեռք են բերվել ռուսական ԳԱԶ ընկերությունից։ Նախորդ տարեվերջին հայտարարվել է նոր մրցույթ՝ միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուս գնելու համար։ Հաջորդիվ նախատեսվում է մեկ այլ մրցույթ հայտարարել՝ եւս 100 ավտոբուս ձեռք բերելու համար։
Կարծիքներ