Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը
Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PTI գործակալության հրապարակումը։
Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ կապված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի հետ։
Հատուկ կարգավիճակի շնորհիվ՝ նահանգն ուներ առանձին սահմանադրություն, դրոշ և տեղի վարչակազմի ինքնավարություն։ Գերագույն դատարանի որոշմամբ՝ մինչև 2024 թ․ սեպտեմբերը նահանգում պետք է տեղական խորհրդի ընտրություններ անցկացվեն։
Դատավորներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ 370-րդ հոդվածը ժամանակավոր միջոց էր, և նախագահն իրավասու էր հետ կանչել այն:
Կարծիքներ