Հայտնաբերվել են Վարագավանի վարչական ղեկավարի վրա ինքնաձիգով հարձակված կասկածյալները
Օգոսոտսի 16-ին իրավապահները Բագրատաշենի անցակետի տարածքում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տավուշի մարզի բնակիչ Արամ Մանուչարյանը, ով կասկածվում է Տավուշի մարզի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ բռնություն կիրառելու և խուլիգանության համար, զարտուղի ճանապարհներով հասել է Բագրատաշենի սահմանային անցակետ և պատրաստվել լքել ՀՀ պետական սահմանը։
Ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասել են անցակետ և տեղում պարզել, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Հենց սահմանային անցակետը հատելու պահին Ա․ Մանուչարյանը ոստիկանների կողմից քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայր, միջնորդություն է ներկայացվել Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի վերաբերյալ։ Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը և Մանուչարյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Կայքի տեղեկություններով՝ Բագրատաշենի անցակետի տարածքում հայտնաբերվել է նաև «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որով նա եկել ր Բագրատաշենի անցակետ։
Պարզվել է նաև կռվի մասնակիցներից Տավուշի մարզի բնակիչ Կալին Մանուչարյանի գտնվելու վայրը ու ոստիկանների կողմից ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ Կ․ Մանուչարյանը ինքնական ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին։
Նա քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության և բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են:
Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ:
Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։
Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև վերոգրյալ ճանապարհով երթևեկությունը:
56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը և խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը:
Կարծիքներ