Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը:
Օրենսդիր մարմնի նախագահ, Համայնավար կուսակցության ներկայացուցիչ Էրմես Պաստորինին իր ելույթում նշեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության դաժանությունը և նկատի ունենալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակը՝ առաջարկեց ճանաչել Արցախի անկախությունը, ինչը ընդունվեց միաձայն:
Սա Արցախի անկախության առնչությամբ Ուրուգվայում առաջին պաշտոնական որոշումն է ուղիղ ժողովրդավարական քվեով ձևավորված մարմնի կողմից:
Պայսանդուում շատ քիչ հայեր են բնակվում: Նիստին ներկա երկու հայեր՝ Սանդրա Նավադյանը և Ասատուր Չեքմեյանը, քվեարկությունից հետո օրենսդիր մարմնի նախագահին նվիրեցին Արցախի դրոշը, և որոշվեց այն դնել գլխավոր սեղանին:
Նիստը տեղի ունեցավ Պայսանդուի մշակույթի տանը՝ նկատի ունենալով, որ օրենսդիր մարմնի Պալատում շինարարական աշխատանքներ են:
Վստահելի աղբյուրներից «Ազատությանը» հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ուրուգվայի իշխանությունները անմիջական և ինտենսիվ կապի մեջ են՝ քննարկելով Արցախում հայ ժողովրդի դեմ իրականացվող հարձակումները և հնարավոր բոլոր լուծումները:
Արցախի անկախության ճանաչման հարցով Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երկրի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Ուրուգվայի կառավարությունը շաբաթներ առաջ հատուկ հայտարարությամբ դատապարտել էր հարձակումները հայ ժողովրդի դեմ:
Կարծիքներ