Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ

Վերանայվել է 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր․ բանկերի միության նախագահ

Արտակարգ դրության ժամանակահատվածում բանկերն իրենց հաճախորդներին վարկային արձակուրդ տրամադրելուց բացի վերանայում են նաեւ գործող վարկերի պայմանները: Սկզբնական շրջանում նաեւ ավանդների նվազում է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ սպասվում էր, որ բանկերը որոշակի խնդիրներ կունենան, սակայն այս պահին դեռեւս մեծ խնդիրներ չեն առաջացել, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀ կառավարությունն իր միջոցառումներն իրականացնում է բանկերի միջոցով՝ այդպիսով նաեւ ակտիվ պահելով այդ ոլորտը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը անդրադարձել է վարկերին, ավանդներին եւ ստեղծված իրավիճակում հնարավոր զարգացումներին։ զարգացումներին։

- Պարոն Աբրահամյան, արտակարգ դրության ժամանակահատվածում քանի՞ քաղաքացու եւ քանի՞ բիզնեսի է վարկային արձակուրդ տրամադրվել եւ որքա՞ն են կազմել այն պարտավորությունները, որոնք երկարաձգվել են։

- Արտակարգ դրության հենց առաջին օրերից բոլոր բանկերը հայտնեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրել վարկային արձակուրդ ֆիզիկական անձ հաճախորդներին, ինչպես նաեւ դրսեւորել անհատական մոտեցում այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ տուժել են համավարակի պատճառով։ Պետք է փաստենք, որ բանկերի հաճախորդներն ակտիվորեն օգտվել են բանկերի ընձեռած այդ հնարավորություններից։ Մասնավորապես, հունիսի 1-ի դրությամբ վարկային արձակուրդից եւ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ։ Ընդհանուր առմամբ, վերանայվել է 1.3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր։ Միեւնույն ժամանակ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ դրան զուգահեռ՝ բանկերը պարտաճանաչ կատարում են իրենց պարտավորություններն ավանդատուների նկատմամբ՝ պայմանագրերին համաձայն վճարում են ավանդների դիմաց կուտակված տոկոսագումարները։

- Հաշվի առնելով, որ բանկային համակարգի աղբյուրներից մեկը ավանդներն են, այս ընթացքում արդյո՞ք ավանդների արտահոսք եղել է, եթե այո, ապա ի՞նչ չափով։

- Եկեք պարզաբանենք, թե ինչ նկատի ունենք «ավանդների արտահոսք» ասելով։ Բանկերում ավանդային պորտֆելը դինամիկ մեծություն է, որը փոփոխվում է ամեն ամիս եւ ամեն օր։ Նոր ավանդների ներգրավումը եւ ավանդների մարումը բանկերի ամենօրյա գործունեության անբաժանելի մասն են։ Բնական է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում եվս որոշ ավանդներ մարվել են, իսկ որոշները՝ ներգրավվել։ Հետեւաբար, ավանդային պորտֆելի տատանողականությունը բնական երեւույթ է եւ առկա է միշտ։ Եթե խոսում ենք կոնկրետ համավարակով պայմանավորված կտրուկ տատանումների մասին, ապա այո՛, պետք է նշեմ, որ համավարակի առաջին օրերին տեղի ունեցան որոշակի էական տեղաշարժեր՝ պայմանավորված ապագայի անորոշություններով եւ տնտեսության մի շարք ճյուղերի գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։ 2020 թ. առաջին եռամսյակում, որը ներառում է նաեւ համավարակի սկիզբը, ընդհանուր ավանդները նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1 տոկոսով։ Սակայն այստեղ կարեւոր է շեշտել, որ հետագա ժամանակահատվածում բանկային համակարգում կրկին նկատվել է ավանդային պորտֆելի աճ, եւ շատ կարճ ժամանակ անց բանկային համակարգում ավանդների ծավալը կրկին հավասարվել է մարտի սկզբին եղած ցուցանիշին։ Այսինքն, պետք է փաստել, որ շատ կարճատեւ տատանողականությունից հետո բանկային համակարգը կրկին վերադարձել է իր նախկին վիճակին՝ լիովին եւ բնականոն սպասարկելով իր հաճախորդներին։ Սա արդյունք է ոչ միայն վարած ճիշտ քաղաքականության, այլ նաեւ հաճախորդների կողմից բանկերի նկատմամբ ունեցած վստահության բարձր մակարդակի։

- Բանկային համակարգն ի վիճակի կլինի՞ արտակարգ դրությունից հետո սպասարկել բիզնեսին՝ հաշվի առնելով, որ շատերը վարկային նոր միջոցներ ներգրավելու կարիք կունենան։

- Բանկային համակարգն այսօր բավականին բարձր մակարդակի իրացվելիություն ունի։ Թե՛ ԿԲ վարած քաղաքականության, եւ թե՛ բանկերի ռիսկերի կառավարման ներքին քաղաքականությունների շնորհիվ այսօր բանկերում առկա են ե՛ւ կապիտալի, ե՛ւ իրացվելիության մեծ պաշարներ։ Այդ մասին բազմիցս նշել են ինչպես առանձին բանկերը, այնպես էլ վերահսկող մարմինը՝ Կենտրոնական բանկը։ Հասարակությունը հնարավորություն ունեցավ համոզվելու, որ կորոնավիրուսի համաճարակի ամբողջ ընթացքում բանկերը ոչ միայն սատարեցին իրենց հաճախորդներին՝ տրամադրելով վարկային արձակուրդ, այլ նաեւ տնտեսության բավականին խոշորամասշտաբ վարկավորում իրականացրին։ Ընդ որում՝ վարկավորումն իրականացվեց ինչպես կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների իրականացման շրջանակներում, այնպես էլ բանկերի սեփական միջոցների հաշվին։ Այս ամենը հնարավորություն է տալիս վստահությամբ նշելու, որ արտակարգ դրությունից հետո եվս բանկերը կունենան բավական քանակությամբ իրացվելի միջոցներ՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար։ Եվ այս առումով թե՛ տնտեսվարող սուբյեկտները, եւ թե՛ ֆիզիկական անձինք մտահոգվելու առիթ չեն ունենա։ Հատկապես, որ բանկերը գնալով կատարելագործում են մատուցվող ծառայություններն ու հարմարեցնում հաճախորդների պահանջմունքներին։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում