Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարում էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնցից առաջինը վերաբերում էր «Վայլդբերիզ» առևտրի հարթակում հայ արտադրողների ներկայացվածությանը։ Մասնավորապես զեկուցվել է, որ արագ տեմպով տարածվելով ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, այս հարթակը հնարավորություն չի ընձեռում հայ արտադրողներին գրանցվելու և վաճառելու իրենց արտադրանքը: Նշվել է նաև, որ «Վայլդբերիզը» Հայաստանում ներկայացված է միայն առաքման (սպառողին մատակարարման) կետերի միջոցով, սակայն չունի ընդունման կետ: Միաժամանակ, որպես վաճառող գրանցվելու համար «Վայլդբերիզի» կայքում հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն նախատեսված չէ, և հայ արտադրողները վաճառքն իրականացնում են այլ երկրների միջնորդ ընկերությունների միջոցով, ինչն էապես թանկացնում է ապրանքի գինը: «Վայլդբերիզ» հարթակում առաջացող այս և այլ խնդիրները լուծելու նպատակով առաջարկվել է միջոցներ ձեռնարկել Հայաստանից ուղիղ վաճառքի հնարավորություն ապահովելու համար:
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ բանակցություններն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։ Այս առնչությամբ նշվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չեն գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին աներկբա վստահություն, և միաժամանակ այդ մեխանիզմներով հնարավոր կլիներ հասնել խախտված իրավունքների արագ վերականգնման։ Գործարարների շահերի պաշտպանությունն առավելապես իրականացվում է հասարակական հատվածում՝ գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց հնարավորությունները խիստ սահմանափակ են:
Ընդգծվել է, որ մի շարք երկրներում ստեղծվել և գործում են գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող մարմիններ, որոնք կոչված են երաշխավորելու գործարարների և պետական մարմինների միջև պատշաճ հաղորդակցությունը: Հետևաբար, ՀՀ-ում ձեռնարկատիրական հաշտարարի ստեղծումը գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավումը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
Այս առնչությամբ որոշվել է լրացուցիչ քննարկումներ կազմակերպել պետություն-մասնավոր հատված երկխոսության շրջանակներում և արդյունքների մասին տեղեկացնել հաջորդ նիստերի ընթացքում։
Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցն առնչվում էր Հայաստանում ֆակտորինգի զարգացման, Հայաստանի բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալների ավելացմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս օրենսդրական խոչընդոտներ ֆակտորինգի հետ կապված առկա չեն, սակայն կա ֆակտորինգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև Հայաստանում ֆակտորինգը զարգացնելու մեխանիզմների մշակման նպատակով միջազգային փորձը ուսումնասիրելու անհրաժեշտություն։
ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է կազմակերպել նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
Կարծիքներ