Ի՞նչ քրեական գործով է Գագիկ Ծառուկյանի որդին կանչվում հարցաքննության. մանրամասներ. NEWS.am

Ի՞նչ քրեական գործով է Գագիկ Ծառուկյանի որդին կանչվում հարցաքննության. մանրամասներ. NEWS.am

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։


Նշենք, որ այդ գործի շրջանակում է Նվեր Ծառուկյանը կանչվել հարցաքննության, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։

Նշենք, որ Նվեր Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին է։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին. գործը դատարանում է։
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից եւ ուղարկվել դատարան։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Անջատված մասով 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում