«Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է պրոթեզավորում ստացած հայրենիքի պաշտպան Արամ Արզումանյանի պատմությանը
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործող պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայում, որը հիմնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի ջանքերով, շարունակվում է ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Վերջին պատերազմի հետևանքով վերջույթներ կորցրած տղաների համար պրոթեզները պատրաստվում են հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի կողմից: Դրանք անցնում են երկարատև պատրաստման փուլերով, որ ապահովեն այն կրողների հնարավորինս հարմարավետ քայլքը:
Հոլանդացի մասնագետը նաև իր հմտություններն է փոխանցում կենտրոնի երկու ֆիզիոթերապիստներին, ովքեր մոտ ապագայում կկիրառեն պրոթեզաբանից ստացած գիտելիքներն ու կօգնեն լիարժեք կյանք վերադառնալ հայրենիքի պաշտպաններին: Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդեն պրոթեզավորվել ու շարունակում է վերականգնողական բուժումը Զինվորի տանը: Խայս Ֆան Խենթը զննում ու խորհուրդներ է տալիս արդեն պրոթեզավորման բարդ փուլով անցած բոլոր շահառուներին:
Տասնիննամյա Արամ Արզումանյանն ութ վիրահատություն է տարել, որից հետո անցել երկու ոտքերի պրոթեզավորման գործընթացը: «Պրոթեզներով քայլելու գործընթացն ավելի դժվար էի պատկերացնում, բայց բավականին հեշտ ստացվեց: Առաջին պրոթեզը հարմար չէր, այլ պրոթեզ տրամադրեցին: Հիմա փորձում ենք հասկանալ՝ որն է ինձ հարմար, որ դրանցով քայլեմ: Այստեղ վերաբերվում են որպես ընտանիքի անդամի»,-ասաց նա:
Հայրենիքի պաշտպանները վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստների ու այլ մասնագետների անմիջական օգնությամբ, տարբեր բարդության վարժությունների միջոցով, աստիճանաբար փորձում են վերադառնալ առողջ և բնական քայլքին: «Միայն
այստեղ չեմ աշխատում, տանն էլ եմ պարապում: Փորձում եմ մեջքս ուղիղ քայլել, ինչպես առաջ»,-նշեց Արամ Արզումանյանը:
Նա վստահ է, որ հասարակության մեջ ինտեգրման խնդիր չի ունենալու. շարունակելու է կիսատ թողած ուսումն ու անպայման զբաղվելու է սիրելի աշխատանքով: «Մեր տղաներին, ովքեր որևէ վերջույթ են կորցրել, ինչ-որ մասնիկ իրենց կյանքից պոկվել է, խորհուրդ կտամ միշտ առաջ նայեն: Մտածեն, որ իրենք ավելի ուժեղ են լինելու այս կյանքում: Թող կյանքում երբեք չկոտրվեն»,-իր կարգավիճակում հայտնված այլ մարդկանց հորդորեց Արամը:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
Կարծիքներ