Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել համավարակից վեց ամիս առաջ վերցված արյան նմուշներում

Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել համավարակից վեց ամիս առաջ վերցված արյան նմուշներում

Իտալացի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել 2019-ի սեպտեմբերին՝ կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածումից վեց ամիս առաջ պացիենտներից վերցված արյան նմուշներում՝: Սա նշանակում է, որ համավարակը կարող էր սկսվել շատ ավելի վաղ, քան կարծում են ԱՀԿ մասնագետները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են SAGE journals-ում, գիտնականները պանդեմիկ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել 2019թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ. մարտ թոքերի քաղցկեղի համար հետազոտություն անցած 959 մարդկանցից 111-ի մոտ։ Հետաքրքիր է, որ հակամարմինների 14%-ի հայտնաբերումը բաժին է ընկնում 2019-ի սեպտեմբերին, իսկ ավելի քան 30%-ը՝ 2020-ի փետրվարի երկրորդ շաբաթվա ընթացքին: Ընդ որում, կորոնավիրուսի S-սպիտակուցի ռեցեպտոր կապող տիրույթի (RBD) դեմ հակամարմիններով պացիենտների ավելի քան 50%-ը հայտնաբերվել է Լոմբարդիայում՝ Իտալիայի հյուսիսային շրջանում:

Մասնագետների կարծիքով՝ այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս անախտանիշ հիվանդների շրջանում վիրուսի տարօրինակ շրջանառությունն Իտալիայում՝ երկրում կորոնավիրուսային վարակով առաջին հիվանդի հայտնաբերումից մի քանի ամիս առաջ:

Մյուս կողմից, հարկ է նշել, որ ոչ մի բացառիկ բան չկա կորոնավիրուսի դեմ հակամարմինների հայտնաբերման մեջ նրանց մոտ, ովքեր չեն հիվանդացել COVID-19-ով: Օրինակ, հայտնի է, որ SARS-CoV-2-ի հակամարմիններ կարող են հայտնվել հարբուխ հարուցող հարակից վիրուսով վարակվածների մոտ: Գոյություն ունեն նաեւ ապացույցներ, որ SARS-CoV-2-ը չեզոքացնող հակամարմիններ առկա են նաեւ 2003թ. SARS-ով վարակված մարդկանց օրգանիզմում: Սակայն, RBD-ի դեմ հատուկ հակամարմիններ դեռ չեն հայտնաբերվել այն պացիենտների մոտ, ովքեր չեն ենթարկվել համավարակային կորոնավիրուսի:

Եզրակացությունները հաստատելու համար իտալացի գիտնականները պետք է լրացուցիչ հետազոտություն անցկացնեն եւ ապացուցեն, որ S-սպիտակուցի RBD-ի դեմ հակամարմինները չեն կարող առաջանալ հարակից վիրուսների ազդեցությամբ քրոս-իմունիտետի զարգացման արդյունքում, ինչպես նաեւ բացառեն մասնագետների կողմից ուսումնասիրված արյան նմուշների աղտոտման հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում