Կապառոսի ձեռագիրը կամ «Մեր Կապառոսը»

Կապառոսի ձեռագիրը կամ «Մեր Կապառոսը»

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում պատմական արդյունք գրանցեց` մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում 3:2 հաշվով հաղթելով Ռումինիային: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային հավաքականը 3 խաղ անընդմեջ հաղթում է Մունդիալի ընտրական փուլում: Ռումինացիները հեշտ մրցակիցներ չէին, իսկ դրանից առաջ իսլանդացիներն առավել ևս: Բայց հարցն այստեղ այլ մրցակիցների բարդության աստիճանին չի վերաբերում, հարցն այժմ ֆուտբոլիստների մտածելակերպին է վերաբերում` կարող ենք հաղթել ցանկացածին, եթե դաշտում պայքարելու ներքին ցանկությունը չի մարել մինչ մրցավարի սուլիչը:

Կապառոսի ձեռագիրը կամ չվախենալ պայքարից

Մունդիալի ընտրական փուլի մեկնարկային երեք տուրերում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին այն չէր, ինչ տեսնում էինք նախորդ տարիներին, բազմաթիվ և բազմատեսակ հայ և արտասահմանցի մարզիչների ժամանակ: Նախորդ տարիներին ընտրանին պահի տակ փայլում էր ու մարում: Նախորդ երեք խաղերին հավաքականն ակնհայտ դեմք ուներ: Ու այդ դեմքը մեկ ֆուտբոլիստ չէր: Երեք հանդիպումների մեկնարկային կազմերում կտրուկ փոփոխություններ չեղան: Հանդիպումների առաջին խաղակեսերը բարդ էին դասավորվում, բայց Կապառոսը բաց գրքի պես կարդում էր հակառակորդին, տեսնում նրա ազատ տարածությունները և այն ֆուտբոլիստներին էր խաղադաշտ մտցնում, որոնք փոխում էին հանդիպման ընթացքը: Իսլանդիայի դեմ խաղում նրան որոշիչ դեր խաղացին Խորեն Բայրամյանը և Ալեքսանդր Կարապետյանը, Ռումինիայի դեմ խաղում` Ադամյանը և այո, մեր նորեկ երիտասարդը` 19-ամյա Սպերցյանը: Ի դեպ, մեկնարկային տուրում` Լիխտենշտեյնի դեմ խաղում Կապառոսն արեց այն, ինչը միայն պրոֆեսիոնալներին է բնորոշ. դաշտ դուրս բերեց Հայաստանի առաջին խմբում հանդես եկող Ժիրայր Շաղոյանին, հետո հնարավորություն տվեց Հակոբ Հակոբյանին: Սա խոսում է այն մասին, որ իսպանացի մասնագետը չի վախենում փորձարկումներից: Այդ խաղերում ամուր պատի պես կանգնած էր վերջին շրջանում հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը: Մենք` լրագրողներս կարծես նոր մականուն ունենք Վատոյի համար` «Մեր Սերխիո Ռամոսը»:

Կապառոսը` «մեր իսպանացին»

Երբ ամիսներ առաջ ՀՖՖ-ն հայտարարեց Խոակին Կապառոսի անունը, որպես Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզիչ, մեզնից շատ քչերն այդ պահին կհավատային, որ այսքան սեղմ ժամկետներում, չունենալով ընկերական խաղերի հնարավորություն, Կապառոսը կարող է կերտել հավաքական` մրցունակ հավաքական: Իսպանացին առաջին իսկ օրից, առաջին իսկ ասուլիսին չվախեցավ ասել՝ մենք, մեր հավաքականը, մեր երկիրը: Կապառոսն ավելի շատ սկսեց օգտագործել՝ «մենք, մեր երկիր, մեր ընտրանի» պատերազմի ավարտից հետո և կարմիր թելի պես իր յուրաքանչյուր ասուլիսի ընթացքում ընդգծում էր ՄԵՐ ԵՐԿԻՐ, ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ:

Մունդիալի ենթախումբը կամ ախորժակն ուտելիս է բացվում

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք խաղերից հետո Հայաստանը ոչ միայն չի պարտվել, այլ հաղթել է բոլոր խաղերում: Խմբում, որտեղ ընդգրկված են Մունդիալի մասնակից թիմերը և աշխարհի չեմպիոն Գերմանիան, Հայաստանն այժմ առաջատարն է: Կապառոսի գլխավորած թիմը 9 միավորով առաջատարն է: 6-ական միավոր ունեն Հյուսիսային Մակեդոնիան և Գերմանիան, իսկ 3-ական` Ռումինիան և Իսլանդիան: Լիխտենշտեյնը միավոր չունի: Հայաստանի հավաքականն ունի անցկացնելու ևս 7 հանդիպում, որոնցից 3-ը՝ տանը, 4-ն՝ արտագնա: Դժվար և բարդ հանդիպում է սպասվում սեպտեմբերի 2-ին, երբ թիմը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային: Խաղին դեղին քարտերի պատճառով չի մասնակցի վերջին խաղերում մեր ավագը` Վարազդատ Հարոյանը: Միաժամանակ կկայանան Լիխտենշտեյն-Գերմանիա, Իսլանդիա-Ռումինիա հանդիպումները: Այնուհետ ազգային ընտրանին Գերմանիայում կխաղա Բունդեսթիմի հետ, իսկ աշնանային առաջին հատվածում տանը կընդունենք Լիխտենշտեյնին: Ցանկալի կլինի, որ Հայաստանի հավաքականն առաջիկա յոթ խաղերից որևէ մեկում չպարտվի, ինչը կմեծացնի խմբում առաջին կամ երկրորդ տեղը գրավելու մեր հնարավորությունը:

Երբ չի մնում ելք ու ճար…

Իսլանդիայի դեմ երևանյան հանդիպման ընթացքում երկրպագուների «Առաջին հայկական ճակատը» (ՖԱՖ) գեղեցիկ պոստեր էր պատրաստել՝ Սևակի խոսքերով` «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այն տպավորիչ էր, ինչ խոսք…

Մեր մութ գիշերը վաղ թե ուշ կավարտվի, և լուսաբացի առաջին շողերը բերողները նմանատիպ հաղթանակներն են…

Վարվառա Հայրապետյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում