Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։
Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Կենտրոնը տեղեկացնում է, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները, ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային։
Կարծիքներ