Հայաստանի ԱԳՆ-ն օրիգինալ դիրքորոշում է որդեգրել․ Բելառուսի ԱԳՆ-ն՝ ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ-ն օրիգինալ դիրքորոշում է որդեգրել․ Բելառուսի ԱԳՆ-ն՝ ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությանը

Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է ՏԱՍՍ գործակալության հարցին՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունների վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է «Հայկական Ժամանակը», հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացրել է Բելառուսի ԱԳՆ-ն՝ իր պաշտոնական կայքում։

ՏԱՍՍ - Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Բելառուսի նախագահի կողմից ՀԱՊԿ խորհրդի նիստում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ուրվագծված մոտեցումների վերաբերյալ։

Անատոլի Գլազ - Հայաստանի ԱԳՆ-ն շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել։ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքով, այլ գործով է հաստատում իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։
Նույնիսկ այս դժվարին պահին։ Այս ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը ոչ պրոֆեսիոնալ է։ Անկեղծությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է։
Ուստի ապագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա։ Եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից կարելի էր խուսափել։

Միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները ոչ թե տրամաբանությունից կտրված են, այլ, ընդհակառակը, հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի ու ազնիվ։ Հենց այս բաց ձևով, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին և կյանքին։

Գագաթնաժողովին, որը, հաշվի առնելով Հայաստանի կողմից դրա գումարման շտապողականությունը, անցկացվեց առցանց, ներկա էր Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվեց իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին։ Ինչի՞ համար է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը։

Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ այդ նպատակով զգալի ջանքեր գործադրելով բոլոր առկա ձևաչափերով՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմանի։
Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները երախտապարտ են Բելառուսի պետության ղեկավարին՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման անկեղծ ցանկության, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում նրա անձնական ներդրման համար։

Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել Բելառուսի պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս դժվարին, բայց լիովին լուծելի խնդրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ոչ դաշնակցային-գործընկերային են: 

«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել էր ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել:

«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և՛ քրիստոնյա Հայաստանի, և՛ մուսուլմանական Ադրբեջանի հետ: Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր նա:

Իր ելույթում նա նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանը պայքարում է «լեռների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն գնում արածելու» ու նշել, որ իր համար անհասկանալի է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում