Կլոր սեղանի շրջանակում ներկայացվեցին իրանցի և հայ կանանց գիտամշակութային ոլորտի ձեռքբերումները
Արվեստի, մշակույթի և գիտության ոլորտի զարգացման գործում իրանցի և հայ կանանց ունեցած ներդրումն ու գրանցած հաջողությունները ներկայացնելու նպատակով փետրվարի 3-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Իրանցի և հայ կանանց գիտամշակութային ձեռքբերումները» խորագրով միջոցառումը:
Նախաձեռնությունն իրականացվեց Իրանում կանանց և մայրության օրվան, Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» (դահեյե ֆաջրի) 42-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց, որ Իրանում կանայք մշտապես ակտիվ են եղել տարբեր ոլորտներում, ծավալել են և՛ հասարակական, և՛ մշակութային գործունեություն: Նրանց՝ տարբեր ոլորտներում ներկայացվածությունն էլ ավելի է մեծացել հատկապես վերջին տարիներին:
«Ցավոք, հաճախ քաղաքականություն է տարվում, որ աշխարհում Իրանը սխալ ներկայացվի, թյուր պատկերացում ստեղծվի Իրանում ապրող կանանց դերի, իրավունքների, ազատության մասին: Եթե քառասուն տարի առաջ իրանցի կանանց միայն 6 տոկոսն էր բարձրագույն կրթություն ստանում, ապա այժմ՝ 40 տոկոսը, ինչը վատ ցուցիչ չէ»,- շեշտեց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային:
Նրա խոսքով՝ Իսլամական Հեղափոխությունը հիմնականում ներկայացվում է որպես հետընթաց, այնինչ Իրանում հենց հեղափոխությունից հետո են ձեռքբերումներ գրանցվել բոլոր բնագավառներում: Իսլամական հեղափոխությունից հետո զգալի է կանանց առաջընթացը հատկապես գրականության և կինեմատոգրաֆի ոլորտում:
ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի համոզմամբ՝ Հայաստանն ու Իրանը մշակութային հարուստ պատմություն ունեցող երկրներ են և երկխոսություն իրականացնելու լուրջ ներուժ ունեն, և այդ երկխոսությամբ կարող են խաղաղություն բերել տարածաշրջանին: «Ցանկացանք և՛ լսել հայ կանանց, և՛ ներկայացնել իրանցի կանանց նվաճումները՝ համատեղ ուժերով նպաստելով մշակույթի հաղթանակին»,-եզրափակեց նա:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկայացրել են նկարչուհիներ Նինա Աղավելյանի և Սուսաննա Ավանեսյանի կտավները, որոնք հրաշալի նկարչուհիներ են ու բազմիցս հանդես են եկել անհատական ցուցահանդեսներով: Իրանցի ստեղծագործողների հետ կապ հաստատեցին հեռավար ձևաչափով:
«Ցավալի է, որ մենք Իրանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցների մասին շատ բան չգիտենք և հենց նման միջոցառումների շնորհիվ ենք կարողանում կապ հաստատել նրանց հետ, ճանաչել նրանց գործունեությունը: Պարզվում է՝ Իրանում կան հայեր, որոնք ընդգրկված են նրանց պետական համակարգում՝ սկսած Շահ Աբասի ժամանակներից: Այն ժամանակ գանձատան ղեկավարը հայ է եղել: Մուշտակագործության, ոսկու առևտուրը հայերին է պատկանել: Մենք այս ամենն իմացել ենք Կապուտիկյանի գրականությունից, իսկ այս կապերի շնորհիվ կարող ենք ավելին իմանալ Իրանում հայ համայնքի մասին»,- ընդգծեց Դեմիրճյանը:
Միջոցառումն իրականացրեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնն ու Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:
Կարծիքներ