Դեսպան Քվինն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում է անցկացրել Կապանում։
Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշել է.
«Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է»։
Դեսպան Քվինը Սյունիքում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննության առնելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավոր ուղիները և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բարեկեցությանը։ Դեսպանը նաև ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։
Հաջորդիվ նա հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը տրամադրվել են առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։
Դեսպան Քվինը Կապանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։
Դեսպանը նաև փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրել Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։
Դեսպանը նաև զրուցել է ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։ Ծրագիրը Կապանում, Գորիսում և Մեղրիում իրականացվում է «Կրթական նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից։
Դեսպանի հաջորդ կանգառն ամերիկյան Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադում էր, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։
Կարծիքներ