Ճամբարակում 7 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

 Ճամբարակում 7 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվի սուբվենցիոն 7 ծրագիր՝ շուրջ 515 միլիոն 176 հազար դրամ արժեքով:

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ նշված գումարի մեջ ՀՀ կառավարության կողմից հատկացվում է մոտ 328 միլիոն 103 հազար դրամ, Ճամբարակի համայնքապետարանի կողմից՝ մոտ 187 միլիոն 73 հազար դրամ: Սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը և բարեկարգել տարածքը: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 300 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սեւակ, փողոցների մայթերի և Սեպտեմբերի 21-ի շենքի բակի ասֆալտապատման, Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 143 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 85 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 57 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գ.Նժդեհի-103 և Տիգրան Մեծ-7 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 43 միլիոն 997 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 30 միլիոն 798 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 199 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով նախատեսվում է գազիֆիկացման աշխատանքների իրականացում Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Տիգրան Պետրոսյան և Պարույր Սևակ փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 462 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 723 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 738 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով նախատեսվում է Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի և Թթուջուր գյուղի ջրահեռացման, Ճամբարակ քաղաքի, Իսահակյան, Օգոստոսի 23 փողոցների, Ճամբարակ թաղամասի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի եւ Վահան բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցման, Թթուջուր բնակավայրի ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցման աշխատանքների իրականացում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 172 միլիոն 524 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 120 միլիոն 766 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 51 միլիոն 757 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով նախատեսվում է Թթուջուր, Վահան եւ Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների և Ճամբարակի համայնքապետարանի շենքի 3-րդ հարկի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 53 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 18 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 22 միլիոն 550 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանցի կառուցում Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում, Ճամբարակ քաղաքի մի շարք փողոցներում: Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 657 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 39 միլիոն 427 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 21 միլիոն 230 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում, իսկ բոլոր շինարարությունները կավարտվեն այս տարվա ընթացքում: «Հսկայածավալ ներդրումների արդյունքում, որի նախադեպը Ճամբարակը չուներ, մենք կարողանում ենք լուծել տասնյակ տարիներով կուտակված բազմապիսի հիմնախնդիրներ՝ սկսած ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզի, վարչական շենքերի հիմնանորոգումներից և վերջացրած բազմաբնակարան շենքերի տանիքների, գազատարների, լուսավորության ցանցերի կառուցոմով: Միաժամանակ, բացի համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, հարյուրավոր մարդիկ ապահովվում են աշխատատեղերով, որը շատ ավելի կարևոր խնդրի լուծում է արտակարգ դրության պայմաններում»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում