Լավրով-Բայրամով․ Բաքվի ԱԳ նախարարի խորհրդավոր փախուստը
Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարական նիստի շրջանակում տեղի են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները ՀՀ եւ Բաքվի ԱԳ նախարարների հետ, որից հետո Բաքվի ԱԳ նախարար Բայրամովը հրաժարվել է համանախագահների հովանու ներքո Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից։ Բաքվի ԱԳՆ-ն պատճառաբանել է նրանով, որ «նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ «անօրինական այց» են կատարել Լեռնային Ղարաբաղ։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպման անցկացումը»։
ՀՀ ԱԳՆ խոսնակը, տեղեկացնելով հանդիպման չեղարկվելու մասին, հայտարարել է, որ «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։
Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Նախարարական նիստից հետո ասուլիսում նշել էր, որ «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել: Բոլորը փորձում են հռչակագիրը հագեցնել իրենց մանր հարցերով կամ այս կամ այն կոնֆլիկտի վերաբերյալ առանձին հղումներով»:
Ստոկհոլմի նիստի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն երկարաշունչ պարզաբանում էր տարածել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եւ Երեւանում ռուս լրագրողների հանդիպման ժամանակ Լավրովի պլանի եւ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ հիշատակումներին։ Առիթը հենց այդ երկու հանգամանքն էին, միեւնույն ժամանակ, դրանում փորձ էր արվում հիմնավորել ՌԴ դիրքորոշումը՝ ԼՂ հարցով քաղաքական կարգավորման եւ կարգավիճակի բացառումը միջազգային լեգիտիմ ատյաններում։
Մինսկի խմբի համանախագահները հրապարակեցին հայտարարության տեքստը, որում ափսոսանք էին հայտնում, որ հնարավոր չի եղել կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում։ Ակնհայտ է, որ դա այն հայտարարությունը չէ, որը պատրաստվում էին հրապարակել համանախագահները։ Ստոկհոլմում Լավրովի նյարդային հայտարարություններն ու Բայրամովի՝ հանդիպումից հրաժարվելու շինծու պատճառաբանությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ խոսնակի անդրադարձը վկայում են, որ ՄԽ հայտարարության տեքստը պարունակում էր խմբում քաղաքական կարգավորման կոնկրետ առաջարկներ, չի բացառվում նաեւ փաստաթղթի առկայությունը։
Ակնհայտ է միջազգային հարթակում Մոսկվա-Բաքու քայլերի համակարգումը, հատկապես Սոչիի թատրոնից հետո։ Մոսկվան ու Բաքուն դեմ են ՄԽ-ում քաղաքական կարգավորմանը, խմբին վերապահելով միայն հումանիտար հարցերին ներգրավումը։ Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է ՄԽ-ում հանդիպումներին միայն այդ հարցերը քննարկելու համար, իսկ Ստոկհոլմում էլ հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Մոսկվան մի ոտքով մնում է ՄԽ-ում՝ խմբին չեզոքացնելու կամ հումանիտար հարցերին հակելու, եռակողմ համահայ հանցավոր համաձայնությունները լեգիտիմացնելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, թե հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։ Պաշտոնական Երեւանը մասնակի՞ց է Մոսկվա-Բաքու խաղին, եւ եթե ոչ՝ ի՞նչ քայլերի է պատրաստ ՄԽ-ում կարգավորմանը Մոսկվային ու Բաքվին հակելու համար։ Օրինակ, ՀՀ ԱԳՆ-ն կդադարի՞ հայտարարել հումանիտար խնդիրների առաջնայնության մասին, կդնի՞ պայմաններ այսպես կոչված եռակողմ ձեւաչափը վերանայելու հարցը՝ Մոսկվայի ու Բաքվի կողմից պայմանավորվածությունները պարբերաբար խախտելու հիմքով։
Կարծիքներ