Ֆրանսիան հրավիրել է Ճապոնիային՝ քննարկելու կանոնավոր զորավարժությունների անցկացման պայմանները
Ֆրանսիայի կառավարությունը Ճապոնիային առաջարկել է բանակցել համաձայնագրի շուրջ՝ պայմաններ ստեղծելով կանոնավոր համատեղ զորավարժությունների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Sankei Shimbun թերթը:
Խոսքը համատեղ վարժանքներին զինծառայողների, զենք-զինամթերքի առաքման, գաղտնի տեղեկատվության փոխանակման, փոխադարձ վառելիքի մատակարարման և այլ տեխնիկական աջակցության տրամադրման համար հեշտացված պայմանների մշակման մասին է։ Ներկայումս Ճապոնիան, բացի ԱՄՆ-ից, նման պայմանագրեր ունի Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հնդկաստանի հետ։
Այս տարվա մայիսին Ճապոնիայի հարավ-արեւմտյան Կյուսյու կղզում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի զինված ուժերի եռակողմ զորավարժություններ են անցկացվել։ Կիրառվել է ռազմանավերից օդադեսանտային գրոհային վայրէջք։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները նաև փոխգործակցություն են մշակել քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների անցկացման հարցում։ Մոտ 220 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ այս գործողությունը նմանակել է զորքերի առաքումը Արևելա-չինական ծովի հեռավոր կղզիներ, որոնք վերահսկվում են Ճապոնիայի կողմից:
Այս զորավարժություններին զուգահեռ երեք երկրների ռազմանավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Արևելաչինական ծովում։ Դրանց մասնակցել է նաեւ Ավստրալիայի ռազմածովային ուժերի ֆրեգատը։
Կարծիքներ