Արդարադատության ակադեմիայի ռեկտորը դիպլոմներ է հանձնել դատախազների թեկնածուներին
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հունիսի 22-ին դիպլոմներ է հանձնել դատախազների թեկնածությունների 2021-2022-ի ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022-ի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին:
Ինչպես տեղեկացրին Արդարադատության ակադեմիայից, հանդիսավոր միջոցառումն անցկացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Ցանկացած ուսումնական կառույցի գործունեության հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից մասնագիտական պարտականությունների կատարման որակն է: Լիահույս եմ, որ բարձր կպահեք Ակադեմիայի պատիվը»,- շնորհավորելով շրջանավատներին՝ նշել է ռեկտորը:
«Դատախազի ծառայությունը երբեք չի եղել շարքային վարձրատրվող աշխատանք: Դուք գալիս եք մի համակարգ, որը պետության ողնաշարն է, և ամեն ինչ պետք է անեք, որ այն լինի ամուր և կանգուն»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:
Կարծիքներ