Օդանավակայանի ուղևորների հաշվառման հատվածում քաղաքացիները հայհոյել են, հարվածել միմյանց․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հուլիսի 30-ի երեկոյան «Զվարթնոց» օդնավակայանի ուղևորների հաշվառման հատվածում Երևան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ քաղաքացիների միջև վեճ է ծագել։
Նստատեղի վերաբերյալ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փոխադարձ հարվածներ են հասցրել, խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (խուլիգանություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 195-րդ (ֆիզիկական ներգործություն) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։
Չորս անձ է ձերբակալվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որոնց հետ կատարվել են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ և անձինք արգելանքից ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ