Թուրքական F-16-ներ Ադրբեջանում կան. Ալիեւը հաստատում է, խորհրդականը՝ հերքում, ինչպես են խճճվել ապացույցներից հետո

Թուրքական F-16-ներ Ադրբեջանում կան. Ալիեւը հաստատում է, խորհրդականը՝ հերքում, ինչպես են խճճվել ապացույցներից հետո

armtimes.com. «Թուրքական F-16-ները Ղարաբաղում ռազմական գործողությունների մեջ ներգրավված չեն, դրանք Ադրբեջանում չկան ոչ օդում, ոչ ցամաքում »:

«Թուրքական F-16-ներ Ադրբեջանում կան, բայց դրանք երկնքում չեն, այլ կանգնած են ու թռիչքներ չեն իրականացնում»:

Այս 2 մտքերի հեղինակն էլ Ադրբեջանի ղեկավարությունն է, իրար հակասող այս նախադասությունները հնչել են 1 օրվա տարբերությամբ՝ միջազգային 2 տարբեր լրատվամիջոցներով: Ի վերջո, թուրքական ռազմական ինքնաթիռները ներգրավվա՞ծ են ղարաբաղա-ադրբեջանական այս պատերազմում, թե՝ ոչ, ինչպես երեւում է, շփոթում են արդեն անգամ Ադրբեջանի ղեկավարն ու նրա գլխավոր օգնականը:

Ի դեպ, հեղինակավոր CNN International-ին տված հարցազրույցում, բացի այս մտքերից երկրորդից, Ալիեւը եւս մի քանի հայտարարություն է արել:

Մասնավորապես, Ալիեւը հայտարարել է, որ չափազանց դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից,  քանի որ միջազգային միջնորդությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ըստ նրա, ոչնչի չի հանգեցրել:

«Արդեն 28 տարի ԵԱՀԿ-ն ոչ թե ակտիվ աշխատում է, այլ պասիվ գործում, նրանց աշխատանքը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, ԵԱՀԿ-ի աշխատանքն է պատճառը, որ հիմա տեղի է ունենում այս ամենը (պատերազմը)»,-ասել է Ալիեւը: Հիմնականում, որպես դժգոհության պատճառ Ադրբեջանի ղեկավարը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել ստիպել հայերին լքել  «Ադրբեջանին պատկանող հողերը»:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը CNN-ի հետ զրույցում արդեն բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին, մինչ այդ դա անում էր անուղղակի կերպով՝ շարունակ պնդելով, որ հայկական կողմն է եղել առաջին գրոհի հեղինակը, Արցախի Պաշտպանության բանակն է նախահարձակ եղել ու իրենք պաշտպանվում են՝ պատասխան կրակով: Անցնելով հարազատ դարձած դիվանագիտությանը, Ալիեւն այս հարցազրույցում սպառնացել է Հայաստանին ու հայտարարել, որ վերջին հնարավորությունն է տալիս.

«Մենք կվերադարձնենք մեր հողերը՝ խաղաղ կամ պատերազմի ճանապարհով, բայց կանենք անկասկած: Մենք ուզում ենք դա անել խաղաղ ճանապարհով ու տալիս ենք Հայաստանին վերջին հնարավորությունը: Մեզ արյուն պետք չէ, մեզ մեր հողերն են պետք»,-հայտարարել է նա: Այնուհետ հնչեցրել է նույն ծեծված մտքերն այն մասին, որ ադրբեջանական տարածքները Hայաստանն օկուպացրել է, զավթել ու բնակեցրել դրանք ու հիմա, Հայաստանի փրկության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի տարածքը լքելն է, այն Ադրբեջանին թողնելը, որովհետեւ նախկինում քանիցս հայտարարել են՝ իրենք չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Ալիեւն իր մտքի այս հատվածը համեմել է հայտարարությամբ, թե «ուրիշի հողերը խաղաղ լքելու մասին իր խոսքը Հայաստանի համար պատմական հնարավորություն է, որը բաց թողնելը մեծագույն սխալ կլինի»:

Այժմ՝ ամենակարեւորներից մեկի՝ Ադրբեջանի ագրեսիային թուրքական միջամտության մասին:

CNN-ի հետ զրույցում Ալիեւը կտրականապես հերքել է պնդումը, որ թուրքական F-16-ները Ադրբեջանի սպառազինության կազմում կիրառվում են հայերի դեմ Ղարաբաղում: Նա նշել է, որ F-16 կործանիչները Ադրբեջան են հասել Թուրքիայի հետ համատեղ ռազմական վարժանքներին մասնակցելու նպատակով:

«Նախորդ տարի Ադրբեջանն ու Թուրքիան 10 այդպիսի համատեղ զորավարժություն են անցկացրել, Թուրքիան մեր դաշնակիցն է եւ ընդունված է մեր տարածքում զորավարժություններ անկացնելը՝ այդ թվում, օդուժի մասնակցությամբ: Այնպես որ, F-16 կործանիչները Ադրբեջանում կան,ցամաքում են այժմ, դրանք օդ չեն բարձրանում, ռազմական գործողությունների էլ չեն մասնակցում»: Ճշտող հարցին, թե թուրքական օգնություն առհասարակ կա՞, Ալիեւը կրկին նույն պատասխանն է տվել՝ հայտարարելով, որ F-16 կործանիչներ Թուրքիայում կան, ղարաբաղյան մարտերին չեն մասնակցում, իսկ ինչ վերաբերում է թուրքական սարքավորումներին ու ռազմական տեխնիկային, ըստ Ալիեւի՝ դրանք առկա են.

«Այո, մենք ունենք թուրքական զենքեր: Եւ ոչ միայն թուրքական, նաեւ ռուսական, իսրայելական, բելառուսական, ուկրաինական զենքեր, որովհետեւ մենք ունենք այդ հնարավորությունը եւ վճարում ենք զենքի համար, իսկ Հայաստանին դրանք տրամադրում են իր դաշնակիցներն անվճար, նրանք չունեն գումար սպառազինություն գնելու համար ու այն անվճար են ստանում, իսկ մենք վճարում ենք: Ունենք թուրքական զենքեր, բայց թուրքական զորք չունենք»,-նշել է Ադրբեջանի ղեկավարն ու վերջում հայտարարել՝ Ղարաբաղի ստատուս-քվոն պետք է փոխվի եւ իրենք այն արդեն փոխում են:

Վերադառնալով թուրքական F-16 կործանիչների՝ ռազմական գործողություններին մասնակցությանն ու թուրքական միջամտությանը, ուշագրավ է, որ մինչ այժմ ադրբեջանական ղեկավարությունը հերքում էր առհասարակ Ադրբեջանի տարածքում դրանց առկայության փաստը եւ այս հարցազրույցն արվել է The New York Times-ի հետաքննական մի հոդվածի հրապարակումից հետո: Իսկ այդ հոդվածում լրատվականը ապացույցներ էր հրապարակել Ադրբեջանում առնվազն երկու F-16  թուրքական կործանիչների առկայության մասին:

The New York Times-ի  թղթակից Քրիստիան Թրիբերտը հրապարակել էր լուսանկար (վերեւում) Գյանջայի  միջազգային օդանավակայանից, որտեղ Planetlabs-ի արբանյակային նկարահանման եզրակացությունն է, ինչի ուսումնասիրմամբ էլ պարզ է դառնում, որ թուրքիայի ՕՏՈՒ-ին պատկանող 2 F-16  կործանիչ-ռմբակոծիչ հենց արբանյակային լուսանկարման պահին կայանված է եղել օդանավակայանում, բացի այդ, օդանավակայանում եղել է նաեւ CN-235 թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռ:

Լրագրողը նշել է, որ հետաքննողները համեմատել են օդանավի պարամետրերն ու բնութագրերը, այդ թվում `Ադրբեջանի սպառազինության մեջ առկա օդանավերը՝ ՄիԳ -21, ՄիԳ -29, Սու -25, Լ -39 եւ եկել եզրահանգման, որ  թուրքական F-16- ների պարամետրերը ամենահամապատասխանն են:

«Օդանավակայանում կար նաեւ ավելի մեծ ինքնաթիռ, որը, կարծում ենք, CASA / IPTN CN-235 էր: Այն օգտագործվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից », - գրել է Քրիստիան Թրիբերտը: Նրա կարծիքով, F-16- ի առկայությունը ցույց է տալիս Թուրքիայի խոր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

«Հուլիսի վերջին Թուրքիան մի քանի F-16 ինքնաթիռներ ներգրավեց Ադրբեջանի հետ համատեղ վարժանքներում: Առնվազն 5 ինքնաթիռ էր երեւում այդ ժամանակ նկարահանված տեսահոլովակում նույն տեղում (ներքեւում)՝ Գյանջայի միջազգային օդանավակայանում »,-հիշում է The New York Times- ի լրագրողը եւ հավելում, թե դեռեւս անհայտ է՝ ինչու ամիսներ անց կործանիչները դեռ Ադրբեջանի տարածքում են:

Արբանյակային լուսանկարների եւ տեսաապացույցների հրապարակումից հետո էր հենց Ալիեւը ստիպված խոստովանել, որ F-16-ներ, այնուամենայնիվ, առկա են իր երկրի տարածքում, սակայն ինքն էլ չի հստակեցրել, թե զորավարժություններից հետո ինչու են թուրքական օդանավերը դեռ Ադրբեջանում: Միաժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը շարունակում է պնդել, որ Ադրբեջանում առհասարակ չկան թուրքական F-16-ներ:

«Այո, ես պնդում եմ, Ադրբեջանում չկան F-16 կործանիչներ՝ ոչ մեր օդային տարածքում, ոչ ցամաքում»,-հայտարարել էր դեռ հոկտեմբերի 7-ին Հաջիեւը՝ բրիտանական The Spectator-ի հարցազրույցի ժամանակ: Նշենք, որ  The New York Times-ի հրապարակումը հոկտեմբերի 8-ին էր, որին էլ հոկտեմբերի 9-ին հաջորդել էր Իլհամ Ալիեւի հարցազրույցը CNN-իմ ու վերջինս ստիպված էր եղել խոստովանել:

Այսպիսով, ավելի է խճճվել թուրքական ՕՏՈՒ-ի F-16 կործանիչ-ռմբակոծիչների առկայությունը հերքող ադրբեջանական պնդումները եւ ավելի ակնհայտ՝ այդ թեմայով պետական մակարդակով տարածվող սուտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում