Դանիել Դանիելյանը ծանոթացել է Համազգային և Կամերային թատրոնների գործունեությանը

Դանիել Դանիելյանը ծանոթացել է Համազգային և Կամերային թատրոնների գործունեությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Երևանի պետական կամերային թատրոն։

Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դանիել Դանիելյանն ընդգծել է շենքում հատկապես ներառականության ապահովման կարևորությունը: Դահլիճը նախատեսված է 230 հանդիսատեսի համար:

Թատրոնի տնօրենը ներկայացրել է, թե ինչ հնարավորություններ ունի շենքը և որ հատվածում ինչ է նախատեսվում իրականացնել: Նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված, որտեղ կներկայացվեն նրա իրերը: ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել է թատրոնում արվեստի տարբեր ճյուղերի խաչաձևումն ու համադրումն ապահովելու անհրաժեշտությունը:

Ըստ թատրոնի տնօրենի՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել գալիք տարվա գարնանը:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի աշխատակազմի հետ: Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ներկայացրել է թատերական ներկայացումների առաջիկա ծրագրերը, պրեմիերաները, որի փորձերից մեկն ընթանում էր նախարարի տեղակալի այցի պահին:

Կամերային թատրոնում ևս Դանիել Դանիելյանը ծանոթացել է աշխատակազմին, թատրոնի գործունեությանն ու խնդիրներին։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները համատեղ լուծելու տարբերակները։

Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանը և տնօրեն Լուսինե Երնջակյանը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին ներկայացրել են թատրոնի բաժինները, հնարավորությունները, քննարկվել են տարածքն ընդլայնելու հեռանկարները: Անդրադարձ է եղել թատրոնի ստեղծագործական գործունեությանը՝ հյուրախաղերին և նախատեսվող առաջիկա ներկայացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում