Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի արդյունքները

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի արդյունքները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մրցահարթակ են դուրս եկել Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են եկել 96 կգ քաշային կարգում:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը՝ 9-րդ հորիզոնականը՝ երկամարտի 368 կգ արդյունքով (168+200 կգ):

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Եգիպտոսի ներկայացուցիչ Կարիմ Իբրահիմ Ալի Աբոկահլան՝ երկամարտի 387 կգ արդյունքով (174+213)։

Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը: Մրցումների մեկնարկը՝ ժամը 20:00:

Ավելի վաղ 81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ արժանացել էր այս վարժության փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը չէր կարողացել բարձրացնել 192 կգ ծանրաձողն ու զրո էր ստացել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել էր այս վարժության փոքր ոսկե մեդալին:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի 2023 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ էին դուրս եկել կանանց հավաքականի անդամներ Իզաբելա Յայլյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք հանդես են եկել 55 կգ քաշային կարգում:

2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Ալեքսանդրա Գրիգորյանը, որը նորամուտն էր նշում մեծահասակների աշխարհի առաջնությունում, երկամարտի 190 կգ (83+107 կգ) արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում