Տաշքենդում մեկնարկել է «Our Generation» միջազգային մանկական երգի մրցույթը․ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Լեոն
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է «Our Generation» («Մեր սերունդը») միջազգային մանկական հեղինակային երգի հեռուստատեսային մրցույթը, որին մասնակցում են 18 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանը։
Մեր երկիրը մրցույթում ներկայացնում է 12-ամյա Լեոն՝ սիրված երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին։ Երիտասարդ կատարողն իր երաժշտական տաղանդով և բեմական փորձով պատրաստվում է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային այս հարթակում։
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերի 20-ին, սակայն հանդիսատեսն արդեն նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ հնարավորություն ունի աշխարհի ցանկացած կետից մասնակցելու առցանց քվեարկությանը՝ իր նախընտրած կատարողի և նրա ստեղծագործության օգտին։
Հատկանշական է, որ Լեոյի համար սա առաջին միջազգային մրցութային փորձը չէ։ 2024 թվականին նա Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ գրավելով երաժշտասերների ուշադրությունը։
Այս անգամ ևս երիտասարդ երգչին սպասվում է կարևոր փորձություն և նոր հնարավորություն՝ իր տաղանդը ներկայացնելու միջազգային լսարանին։
Լեոն հանդես է գալիս 6-րդ համարի ներքո։ Կոչ ենք անում բոլորին քվեարկել մեր փոքրիկ տաղանդի օգտին։ Մաղթենք Լեոյին հաջողություն, անկրկնելի ելույթ և, իհարկե, հաղթանակ։ Թող հայկական եռագույնը պատվով ծածանվի Տաշքենդում։


Կարծիքներ