Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմի հապճեպ դուրսբերումից կարելի է խուսափել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը խոստովանում է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմի հապճեպ դուրսբերումից հնարավոր է խուսափել: Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում ռազմական անձնակազմի գործողությունները համապատասխան կերպով կհամակարգվեն, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է DW-ն:
«Չափազանց կարեւոր է» զորքերի դուրսբերումը դիտարկել ներաֆղանական խաղաղ բանակցությունների համատեքստում, ասել է Մաասը:
Պաշտոնական Բեռլինը մտադիր է երկրում անվտանգության պահպանման համար պատասխանատվությունը փոխանցել Աֆղանստանի կառավարությանը, ընդգծել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը: Կենտրոնական Ասիայի հանրապետությունում գերմանական ռազմական մանդատը պետք է ավարտվի, ասել է Մաասը: Բունդեսվերի մանդատն Աֆղանստանում ավարտվում է 2021 թվականի մարտին:
2020-ի փետրվարի վերջին ԱՄՆ-ը իսլամական արմատական «Թալիբան» շարժման հետ համաձայնագիր էր ստորագրել երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, որը պետք է ավարտվի մինչ 2021-ի վերջը: Փոխարենը թալիբները պարտավորվել են խաղաղ բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության հետ եւ ապահովել, որ Աֆղանստանը միջազգային ահաբեկիչների բազա չդառնա: Բանակցությունները սկսվել են 2020-ի սեպտեմբերին եւ մտել են փակուղի: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները 2021 թվականի փետրվարին կքննարկեն իսլամական հանրապետությունից ռազմական զորակազմի հնարավոր դուրսբերման հարցը:
Կարծիքներ