ԵԱ կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարի 5 հայ բռնցքամարտիկ
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու մարզիկներն էլ պարտություն կրեցին:
Քառորդ եզրափակիչում 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը 2։3 հաշվով զիջեց Կոսովոն ներկայացնող Տաուլանտ Ջակուպիին, իսկ 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը զիջեց շվեդ Էլվին Մոյե-Բելեզիկային։ Դա Ալեքսանյանի և Հովակիմյանի երկրորդ մենամարտն էր այս ստուգատեսում։
Մինչև այդ նրանք հաղթել էին համապատասխանաբար չեխ Դավիդ Պոլակին և թուրք Գոքթուրք Էրսունգուրին։ Ընդ որում՝ Հովակիմյանը բացահայտ առավելության պարագայում ժամանակից շուտ էր ավարտել մրցամարտը թուրք բռնցքամարտիկի հետ։
Այսօր կիսաեզրափակիչ անցնելու համար պայքարելու են առաջնությունում ելույթները շարունակող մեր վերջին 5 պատվիրակները. Արեն Ասլամազյանը (51 կգ) մրցելու է ադրբեջանցի Ամին Մամաձադեի, երիտասարդների Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Էրիկ Իսրայելյանը (60 կգ)՝ չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ)՝ Անգլիան ներկայացնող Օսամա Մոհամեդի, Արես Հակոբյանը (67 կգ)՝ հույն Գեորգիոս Էֆթիմիադիսի, իսկ Համլետ Ադամյանը (80 կգ)՝ լատվիացի Իլյա Յուրգենոկսի հետ։ Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանի (51 կգ) մրցակիցն էլ լինելու է ուկրաինացի Մաքսիմ Ռուդուկը։
Կարծիքներ