«Կոչ եմ անում հետևողական լինել ձեր առողջությանը». Լենա Նանուշյան
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, քաղաքապետարանի աշխատակիցների ու հանրակրթական հաստատությունների ղեկավարների հետ:
Շնորհակալություն հայտնելով Հայկ Մարությանին հանդիպումը կազմակերպելու, համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար` Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայիս իրավիճակը մեր երկրում, նաև տարբեր երկրների ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, հանգամանորեն խոսել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուսումնասիրությունների վերաբերյալ:
Միաժամանակ, առողջապահության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերին, պատվաստումային գործընթացին և հասանելիությանը, պատասխանել ներկաների բարձրացրած հարցերին:
«Ուզում եմ նշել, որ վերջին շրջանում դիմակայեցինք մի շարք արհավիրքների. մեր բուժաշխատողների քրտնաջան ու անտրտունջ աշխատանքի շնորհիվ` առողջապահական համակարգը գերծանրաբեռնված աշխատում էր: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը` նշեմ, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ պայքարում ենք COVID-19 համավարակի դեմ ու դրա լավագույն լուծումը պատվաստումն է, որը նվազեցնում, կանխարգելում է հիվանդության տարածումը և կրճատում մահվան դեպքերը: Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում հետևողական լինել ձեր առողջությանը, նոր բռնկումերից խուսափելու համար պատվաստվել, կանխել վարակի տարածումը` փրկելով կյանքեր»,- ասել է Լենա Նանուշյանը:
Հանդիպման վերջում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է պատվաստումային գործընթացի իրականացումը հանրակրթական հաստատություններում` հաշվի առնելով կրթական գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը։
Կարծիքներ