Պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտումների փուլում են
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած անձանց վարկային պարտավորությունների ներման մոտեցումները ներկայում քննարկումների, ճշգրտումների փուլում են: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը, թե խորհրդարանի կողմից՝ ֆինանսական կառույցներին՝ առանց հարկային հետևանքներ կրելու, նման հնարավորություն ընձեռող օրենքի նախագծի ընդունումից հետո ի՞նչ արդյունք կա:
«Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նշված անձանց խմբերի վարկերի ներման մոտեցումները ներկայումս գտնվում են քննարկումների և ճշգրտումների փուլում, քանի որ այդ վարկերի վերջնական ծավալները նույնպես գտնվում են հստակեցումների փուլում»,-հայտնում են ԿԲ-ից:
ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձնաց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ