Ցորեն ներմուծող գործարարների առաջ պետք է խնդիր դնել. Վազգեն Սաֆարյան

Ցորեն ներմուծող գործարարների առաջ պետք է խնդիր դնել. Վազգեն Սաֆարյան

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը չի ընդունում հոռետեսական կանխատեսումները, թե մի քանի ամիս անց հնարավոր է սով լինի՝ պարենային անվտանգության հարց առաջանա: Նկատում է՝ նման հայտարարություններ չի կարելի անել՝ խուճապային տրամադրություններ ստեղծելով, առավել ևս, երբ  նման հիմք չկա։

«Պետք է ամեն ինչ  անենք, որ երկիրը քայլ առ քայլ գնա այն ճանապարհով, որով գնում են շատ զարգացած երկրներ։ Օրինակ՝  Ռուսաստանի Դաշնությունն  իր ցորենի արտադրության ծավալներով ինքնաբավ է, նույնիսկ  արտահանում է։ Մենք էլ  այդպիսի քաղաքականություն պետք է մշակենք, որ առաջնահերթություններ առանձնացնենք։ Այն ապրանքները, որոնք հեշտությամբ իրացվում են դրսի շուկաներում, օրինակ, գյուղմթերքը, դրանք պետք է արտադրենք և արտահանենք»,-FreeNews-ի հետ զրույցում ասաց նա:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար պարենային  անվտանգության  խնդիրը թիվ մեկ հարցերից է: Եվ անկախ նրանից՝ տվյալ երկիրը, համաճարակի մեջ կլինի, թե՝ ոչ,  ձգտում է իրեն ապահովել առաջին անհրաժեշտության պարենամթերքով:

Խոսքն առաջին հերթին հացամթերքի մասին է: Ցորենի արտադրությունն այս հարցում առաջնային է:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝  մեր երկիրն ունի ցորենի աճեցման հնարավորթյուններ: Այսօր 34 տոկոսի սահմաններում ենք մեր երկրին կարողանում ցորենով ապահովվել: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի դիտարկմամբ՝ այս ծավալը կարող ենք ավելացնել, եթե անմշակ հողատարածքներն արտեր դարձնենք:

«Պետք է անենք ամեն ինչ, որ մոտ 150 000 հեկտար ազատ հողատարածքները պետություն-մասնավոր հատված գործընկերության գործառույթի  շրջանակներում կարողանանք ցորեն մշակել և ցորենի պահանջարկի առնվազն մոտ 60 տոկոսի հարցը լուծենք: Այս դեպքում  մենք կարող ենք պարենային անվտանգության հարցն ինչ- որ չափով  համարել  լուծված»,-հավելեց Սաֆարյանը:

 Այս ուղղութամբ պետությունն առաջին քայլերն արդեն անում է:

 Հաստատվել է աշնանացան ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագիրը: Նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի  և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը իրականացնի նախարարությունը։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Իսկ  սա կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով:

Վազգեն Սաֆարյանը անհրաժեշտություն է համարում հացահատիկի  արտադրության խթանումը և նշում, որ տարեկան 250 000 տոննայից ավել ցորեն ենք ներմուծում: Իսկ  այս բացը կարող ենք լրացնել:

«Եթե մենք դա տեղում արտադրենք, ներմուծմանն ուղղված գումարները տեղում կմնան՝  ներքին շրջանառության մեջ կդրվեն: Միևնույն ժամանակ էլ կլուծվի պարենային անվտանգության խնդիրը: Պետք է լուծվի նաև  մեքենատրակտորային կայանների ստեղծման հարցը: Այն  գործարարները, ովքեր տարիներ շարունակ ցորեն են ներմուծել, պետք է հորդորել, խնդիր դնել նրանց առաջ, որ մասնակից լինեն  այդ ծրագրերին՝ ցորենի մշակման և այլ հարցերում»,- կարևորեց նա:

Վազգեն Սաֆարյանն ընդգծում է, որ պարենային խնդրի առաջ չկանգնելու համար, պետք է զարգացնել տեղական արտադրությունը: Ոչ միայն կարող ենք ցորենի ցանքատարածություններն ավելացնել, այլև՝ գարու:

Տարեկան 40 000 տոննա թռչնի միս ենք օգտագործում, որից  միայն 12 000 տոննան է տեղում արտադրվում, մնացածը ներկրվում է: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը  շեշտում է, եթե փորձենք թռչնամսի ներկրումների ծավալները կրճատել և տեղում արտադրել, պետք է զարգացնենք  նաև գարու արտադրությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում