Թատրոնի միջազգային օրը Վահրամ Դումանյանը ստեղծագործական վերելքներ է մաղթել ոլորտի ներկայացուցիչներին

Թատրոնի միջազգային օրը Վահրամ Դումանյանը ստեղծագործական վերելքներ է մաղթել ոլորտի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է բեմական արվեստի ներկայացուցիչներին, թատերական գործիչներին, թատերասերներին՝ շեշտելով, որ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին:

Նախարարի շնորհավորական ուղերձում ասվում է.  «Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ: Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում