Գերմանիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը կոչ է արել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումը
Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը կոչ է արել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները՝ կանխելու համաշխարհային պարենային ճգնաժամը։ Այս կարծիքը նա հայտնել է Funke մեդիա խմբի հետ կիրակի օրը հրապարակված հարցազրույցում:
Օզդեմիրը բացատրել է, որ Ուկրաինայում գյուղատնտեսական ենթակառուցվածքները, ամենայն հավանականությամբ, կկործանվեն և մատակարարման շղթաները կխաթարվեն: Դա, նրա կարծիքով, կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ ուկրաինական գյուղատնտեսության եւ, հետեւաբար, աշխարհի պարենային մատակարարումների վրա։ «Այդ պատճառով շատ կարևոր է, որ Արևմուտքն աջակցի Ուկրաինային հետագա արդյունավետ սպառազինությամբ, և Գերմանիան չպետք է զիջի դրանում», - ասել է Գերմանիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավարը:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ պարենային իրավիճակը սրվում է նաև կլիմայական ճգնաժամի պատճառով, որն արդեն իսկ բերքի աղետալի անկումների պատճառ է դարձել։ Համաշխարհային մատակարարման սահմանափակումները հաղթահարելու համար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կոմիտեն, նշել է Օզդեմիրը, պետք է կենտրոնական դեր ստանձնի։ «Այստեղ մենք պետք է պայմանավորվենք ամբողջ աշխարհում գյուղատնտեսության և պարենային քաղաքականության հիմնարար, կառուցվածքային հարցերի շուրջ, գլոբալ խնդիրները պահանջում են գլոբալ լուծումներ»,- եզրափակեց նախարարը։
Երկուշաբթի օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել է, որ Կիևին ծանր սպառազինություն է հարկավոր, և որ այժմ այս հարցում արդարացումների ժամանակը չէ։ Սակայն կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած կառավարությունը մինչ այժմ որևէ որոշում չի կայացրել։
Կարծիքներ