Մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը ևս անվճար կապահովի պետությունը. նախագիծն ընդունվեց
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենքի նախագիծը, ըստ որի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար, այսինքն՝ պետբյուջեի միջոցների հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 89 «կողմ», 10 «ձեռնպահ» ձայներ:
Գործող կարգավորումներով՝ պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն՝ պետբյուջեի հաշվին, տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: Ըստ նախագծի հեղինակի, սակայն, որևէ տարբերություն չպետք է դրվի՝ երեխան սովորում է պետակա՞ն, թե՞ ոչ պետական դպրոցում:
Ըստ այդմ առաջարկվել է նախագծով սահմանել, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:
Կարծիքներ