Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը
Կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման նպատակլով 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություներ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ, ուղղակի, նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում ու ցանում:
«Սա ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում: Մենք քաղաքացուն ասում ենքՙ ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելուն ու այն որպես սերմ օգտագործում, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնելու ենք այնքան, որ կարողանաք լիցենզավորված սերմ գնեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է կարողանան ապահովել ու երաշխավորել, որ այն սերմերը, որ շուկայում առաջարկվում են որպես լիցենզավորված, իրոք սերտիֆիկացված սերմեր են:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե անցած տարվա փորձը հարյուր տոկոսով չի հաջողվել: «Որոշ խնդիրներ կան, բայց մենք որոշել ենք շարունակել պրոցեսըՙ ուղղելով այն խնդիրները, որոնք առաջացել են», - ասաց նախարարը:
Կարծիքներ