Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) իրավիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ երևում է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է, փոխանցում է Ermenihaber-ը։
«Nations House in Transit»-ի տարեկան զեկույցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա:
Ժողովրդավարությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով.
ազգային ժողովրդավարական կառավարում,
ընտրական գործընթաց,
լրատվամիջոցների անկախություն,
քաղաքացիական հասարակություն,
դատական իշխանության անկախություն,
կոռուպցիայի մակարդակ։
Վարկանիշը չափվում է 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 7-ը ներկայացնում է ժողովրդավարական առաջընթացի ամենաբարձր մակարդակը, իսկ 1-ը՝ ամենացածրը:
Նշված չափանիշների համաձայն՝ այս տարի Վրաստանում ժողովրդավարության միավորը 3,18-ից իջել է 3,07-ի։
Ըստ զեկույցի՝ Վրաստանն այս տարի նույնպես մտնում է անցումային կամ հիբրիդային ռեժիմների կատեգորիայի մեջ։
Freedom House-ի զեկույցի համաձայն՝ կառավարության ժողովրդավարության վարկանիշը 2,50-ից իջել է 2,25-ի՝ ապրիլի 19-ի համաձայնագրի խզման և երկրում քաղաքական ճգնաժամի սրման պատճառով իշխող կուսակցության և ընդդիմադիր դերակատարների գործողությունների հետևանքով:
Նույն զեկույցի համաձայն՝ քաղաքացիական հասարակության վարկանիշը 4,25-ից իջել է 4,00-ի, ինչն արտացոլում է ծայրահեղական խմբերի համար միջավայրի ստեղծումը, որը հանգեցրեց 2021 թվականի հուլիսին «Թբիլիսի Փրայդ»-ի, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակմանը:
Freedom House-ի տվյալներով՝ դատական իշխանության աճող ճգնաժամի պատճառով դատական համակարգի անկախության վարկանիշը 2,75-ից իջել է 2,50-ի։ Մասնավորապես, ըստ զեկույցի, դա դրսևորվել է ընդդիմության անդամներին առնչվող գործերի քաղաքականացված վերանայմամբ և կառավարության կողմից բարեփոխումների ձախողմամբ։
Կարծիքներ