Անմահացած Դավիթ Քոչինյանը միշտ ասում էր՝ հանուն հայրենիքի է մահանալու

Անմահացած Դավիթ Քոչինյանը միշտ ասում էր՝ հանուն հայրենիքի է մահանալու

Արցախյան ազատամարտում անմահացած Դավիթ Քոչինյանին հիշում են որպես կյանքով լեցուն, կարեկցող և հոգատար, հայրենքին նվիրված մարդ:

Freenews.am-ի հետ զրույցում Դավիթի կինը՝ Լանան, պատմում է.

«Առաջին պատերազմը, որին մասնակցեց Դավիթը, ապրիլյանն էր: Մարտի 18-ին էինք ամուսնացել, ապրիլի 5-ին Դավիթն առանց մեկ րոպե վարանելու, վստահ մեր բանակի հաղթանակի վրա մեկնեց և մասնակցեց բոլոր գործողություններին: Այս պատերազմում, երբ սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ  տագնապի ազդանշան էին տվել, Դավիթն անդադար ասում էր, որ երևի մեծ պատերազմ է լինելու, անտրամադիր էր, իսկ երբ սկսվեց պատերազմը, մեկնելուց առաջ ասաց,  որ չգիտի երբ կգա, քանի որ  վիճակն անորոշ է:  Դավիթը միշտ ասում էր, որ հայրենքի համար է զոհվելու, ինձ ամեն անգամ ասում էր, որ եթե ինքը զոհվի շատ ուշադիր լինեմ  երեխաներին,  նրանց ուսումնառությանը, դաստիարակությանը»: 

Լանան պատմում է՝ Դավիթը սիրում էր կյանքը,ամեն բան փորձում էր հասցնել՝ արագ ապրել: Ունեցած ազատ ժամանակը անց էր կացնում հիմնականում ընտանիքի հետ,ամեն բան փորձում էր տալ իր աղջիկներին,կարծես կանխազգում էր,որ շատ ժամանակ չի ունենալու կյանքն ապրելու համար: Ընտանիքի հետ գնում էր Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը,  ասում էր՝   երեխաներին ինքը պիտի ցույց տա մեր մշակութային ժառանգությունը, հայերնասիրություն սերմանի:

«Պատերազմի առաջին օրերին ՀՀ-ի  սահմանեերին էին,  հետո երբ ասեց որ արդեն մեկնում են Արցախ ես վատ կանխազգացում ունեի, լացում էի: Օրվա մեջ 1-2  անգամ կարողանում էի  զանգել, խոսել,  երբեք չէր ասում, թե ինչ ծանր պատերազմ է, ասում էր ամեն ինչ լավ է,  դու մենակ իմ երեխաներին լավ  նայի: Հոկտեմբերի 20-ին աղջկաս ծննդյան օրն էր, առաջին անգամ առանց Դավիթի էինք այդ օրը, երեխաներին  տարել էի զբոսանքի: Անըդհատ զանգում էր այդ օրը, հարցնում ինչպես ենք, արդյոք մեր  աղջիկը գոհ է իր ծննդյան օրից: Հաջորդ օրը  կեսօրից հետո հետ կապն ընդհատվեց:  Դավիթը զոհվեց հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում: Ես աընդհատ սպասում էի, որ գուցե հրաշք լինի, գուցե ողջ մնացած լինի, սակայն մեկ ամիս անց գտան նրա դին, հուղարկավորեցինք իր հայրենի Վանաձորում,  ինչպես  ինքն էր ուզում»,-հիշում է Լանան:  

Դավիթ Քոչինյանը  2016 թվականին ստացել է կապիտանի կոչում և նշանակվել զորամասի հրամանատար: 2018 հոտեմբերի զորամասի կազմալուծումից հետո նշանակվել է  Ջաբրաիլի զորամասի քիմիական ծառայության պետ: Առաջնագծում ծառայել է մեկ տարի յոթ ամիս: Իր ամբողջ ծառայության ընթացքում ուսումնական փուլի սկզբից ընթերցել է  մասնագիտական դասախոսություններ սպայական անձնակազմի համար:Համահեղինակ է եղել «Բժշկական և ռազմական թունաբանության,բժշկական պաշտպանության և բժշկահոգեբանական օգնության հիմունքներ» գրքի հրատարակմանը: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան » շքանշանով: 2020թ. Ապրիլին նշանակվել է ՀՀ խաղաղապահ զորքերի քիմիական ծառայության պետ,հուլիսին ստացել է  մայորի կոչում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում