«Ընդդիմությունն օգտագործում է զոհվածների հարազատների վիշտը». քաղաքագետը՝ ՔԿ-ի դիմաց ակցիայի մասին
«Եթե այդ ծնողներն ինչ-որ դժգոհություն ունեն, պետք է նրանց հետ աշխատել, բավարար ձևով բացատրել, թե ինչ է կատարվում, բայց դրան միանալ և քաղաքականացնել, անընդունելի է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով երեկվանից քննչական կոմիտեի դիմաց շարունակվող 44-օրյա պատերազմում զոհված մի քանի զինծառայողների հարազատների բողոքի ակցիային և դրան որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների մասնակցությանը:
Քաղաքագետը նկատում է, որ ընդդիմությունը փորձում է ցանկացած առիթ օգտագործել, այդ թվում՝ զոհված զինծառայողների հարազատների վիշտը՝ երկիրը ապակայունացնելու համար. «Այս ուժերը պարբերաբար օգտագործում են ժողովրդին, զինվորին, բանակը՝ իրենց նպատակների համար: Պատերազմի ժամանակ էլ նրանց մոտ գործում էր այդ բանաձևը՝ «Հանձնենք Արցախը, դժգոհություն առաջացնենք իշխանության նկատմամբ և գրավենք Հայաստանը»: Եվ պատահական չէ, որ պատերազմից հետո խոսվում էր, որ բանակը պետք է ոտքի կանգնի և պայքարի իշխանության դեմ, պահանջի հրաժարական»:
Էդվարդ Անտինյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության ակնհայտ քայլերը վկայում են, որ ցանկացած գնով Հայաստանում իշխանությունը զավթելն է, որովհետև նրանց մոտ ո՛չ ընտրությամբ, ո՛չ փողոցային պայքարով դա ուղղակի չի հաջողվել: «Հաջորդ քայլն ապակայունացման միջոցով իշխանություն վերցնելն է, քանի որ այլ ձևով որևէ շանս չունեն, և դա է պատճառը, որ Ադրբեջանը ևս պարբերաբար հույսը դնում է դրա վրա»,- ասում է նա:
Անդրադառնալով ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների վիրավորական բառամթերքին՝ ուղղված իրավապահ համակարգի աշխատողներին՝ ասում է՝ աշխարհի ամենալավ իշխանությունն էլ կարող է սխալ թույլ տալ, և ընդդիմության համար շատ շահեկան դիրք է, որովհետև նշելով իշխանության թերությունները՝ ասում է՝ «ես որ գամ, ավելի լավը կանեմ, ավելի լավ կաշխատեմ». «Բայց եթե հասարակությունը գիտի, որ երբ նրանք իշխանության էին, ինչ են արել և պատրաստվում են գալ՝ ինչ անել, էլ ինչո՞վ մոբիլիզացնեն, եթե ոչ ատելության խոսքով»:
Վերջինս նաև նկատում է. «Եթե մարդը ցանկանում է ահաբեկչությամբ իշխանություն փոխել, որպեսզի արդարացնի իր արածը, ի՞նչ պիտի ասի, պիտի ասի՝ այս իշխանությունը թուրք է, իսկ թուրքին սպանելը՝ հայրենասիրություն: Բա ուրիշ էլ ո՞նց արդարացնի ահաբեկչությունը»:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ՝ հայտնելով, որ Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից: ՔԿ ամբողջական պարզաբանումը կարող եք կարդալ այստեղ:
Կարծիքներ