Ազգի «փրկիչները» նախապես մտածել են սեփական կաշիների փրկության մասին, մեկը՝ ԱՄՆ-ի, մյուսը՝ Կանադայի քաղաքացի է. Արշակյան
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վրդովվել է իրեն վերագրովող հերթական կեղծ լուրերից ու «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել, որ պատրաստվում է դատի տալ իրեն գոյություն չունեցող փաստեր վերագրող լրատվականներին:
Բանն այն է, որ երեկ հրապարակվել են լրատվական նյութեր այն մասին՝ իբր Հակոբ Արշակյանը Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն ունի: Հերքելով այս լուրերը, Արշակյանը խոսել է վերջին շրջանում ազգի փրկրւթյան գործին լծված Վազգեն Գալստանյանի և մյուսների՝ իրական երկքաղաքացիների մասին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հիմա էլ հայելի․էյեմն և իրավունք․քոմ կայքերն են տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որտեղ ինձ են վերագրել Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն։))
Նկարագրված սցենարը կարծես արկածային դետեկտիվ ֆիլմ լինի՝ համեմված գաղտնի ուղևորություններով ու միստիկ հանդիպումներով։ Մասնավորապես «բացահայտվում» է 2010թ․ իմ այցը ՌԴ Ալմետեվսկ քաղաք։ Համաձայնեք, որ դարակազմիկ հայտնագործություն են արել՝ իմ ֆեյսբուքյան էջից վերցնելով աշխատանքային այցելությանս վերաբերյալ տեղեկությունը(նկարը կցել եմ)։ Բացի նրանից, որ աշխատանքային այցով եղել եմ Ալմետեվսկում, և աշխատել ենք նավթի արդյունահանող սարքի ավտոմատացման խնդրի վրա, մնացածը հորինվածքներ են։Հորինվածքներ են նաև պատմվածքի հետագա հատվածները։
ֆեյքնյուզի հեղինակը վերցրել ու գիտաֆանտաստիկ պատմությունը կառուցել է Թաթարստանի Ալմետեվսկ կոչվող փոքրիկ բնակավայրի վրա։ Փոխարենը կարող էր վերցնել Սիդնեյը, Սինգապուրը, Նյու-Յորքը, Մոնթրեալը, Հյուստոնը, տասնյակ այլ քաղաքներ, որտեղ այցելել եմ իմ նախորդ աշխատանքի՝ միջազգային տեխնոլոգիական ընկերության ծրագրերի տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում, և շատ ավելի գեղեցիկ պատմություն կստանար, բայց ոչ, անտաղանդ սցենարիստի նման վերցրել է Թաթարստանի Ալմետեվսկ քաղաքը(կից նկարում բոլոր իմ այցելած վայրերն են, որոնք սովորույթի համաձայն նշում եմ քարտեզի վրա)։)
Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ազգափրկիչ» Վազգեն/Բագրատ Գալստանյանը ստացել է Կանադայի անձնագիր, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ, գլխավոր «ազգափրկիչ» Ռոբերտ Քոչարյանի թոռները ծնվել են ԱՄՆ-ում՝ ստանալով ԱՄՆ քաղաքացիություն։
Ամենևին չեմ ցանկանում թիրախավորել երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, սա ընդամենը արձանագրումն է այն բանի, որ ազգի «փրկիչները» նախապես մտածել են սեփական կաշիների փրկության մասին՝ փնտրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության այլընտրանք․ սա կարծում եմ հակասում է «փրկիչ» լինելու նրանց «առաքելությանը»։ Այս փաստերը ոչ մի կերպ չի հաջողվի լղոզել, ջնջել. ինչ մտացածին տեղեկություն էլ նետվի լրատվական դաշտ։
Թվարկված լրատվականների հետ կհանդիպենք դատարանում, որովհետև Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է ունենալ առողջ լրատվական դաշտ»:
Կարծիքներ