74 երկրի 3000 մասնակից. Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
Մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:
Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:
Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը:
Համաժողովի առանցքային իրադարձություններից մեկը ՎԶԵԲ-ի որոշում կայացնող հիմնական մարմնի՝ կառավարիչների խորհրդի նիստն է, որի ընթացքում ներկայացվում են տարեկան ժողովի ընթացքում քննարկվող առանցքային թեմաները, ամփոփվում ՎԶԵԲ-ի` նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքները և անդրադարձ է կատարվում Բանկի հետագա աշխատանքներին: Կառավարիչների խորհրդի բացման նիստը տեղի կունենա մայիսի 15-ին։ Նիստին ելույթով հանդես կգան Հայաստանի Հանրապետության վարչապետը և ՎԶԵԲ նախագահը:
Համաժողովի ընթացքում անցկացվում է բիզնես ֆորում, որին ներկա են գտնվում բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, բանկերի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների: Պանելային քննարկումներն այս տարի ունեն գրեթե 200 բանախոսներ, իսկ ամբողջ աշխարհից առցանց տարբերակով այդ քննարկումներն ունեն ավելի քան 35 000 հետևորդ: Դրանց շրջանակներում փորձագետները կիսում են իրենց տեսակետները այս տարվա հանդիպումների երեք առանցքային թեմաների վերաբերյալ՝ ներառականություն, թվայնացում և կանաչ անցում: Այս թեմաներից յուրաքանչյուրն արտացոլում է ՎԶԵԲ-ի առաքելության էությունը և ցույց է տալիս ժամանակակից բիզնես առաջընթացի դինամիկ պատկերը:
Գործարար համաժողովը կրում է «Միասին ազդեցություն գործելով» (“Delivering Impact Together”) խորագիրը:
Գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունենում ներդրումային հեռանկարների վերաբերյալ նիստեր, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու բիզնես հնարավորություններին այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում:
Տարեկան ժողովը ներառում է նաև մշակութային բաղադրիչ. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում» կայանալիք բացման արարողության ընթացքում անցկացվում է հատուկ շոու ծրագիր, այնուհետև բոլոր մասնակիցների ընդունելություն Օպերայի բակում նախատեսված հատուկ տարածքում։
Համաժողովի շրջանակներում մայիսի 14-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից:
Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։
Մայիսի 15-ին՝ Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստի ժամանակ, ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը: Վերջինս ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը ՎԶԵԲ կողմից:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը:
ՎԶԵԲ-ի բաժնետեր են հանդիսանում 72 անդամ երկրներ, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Աջակցելով ավելի քան 40 տնտեսությունների երեք մայրցամաքներում՝ ՎԶԵԲ-ն ակտիվորեն նպաստում է իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետությունը ՎԶԵԲ-ին անդամակցում է 1992 թվականի դեկտեմբերի 7-ից: Հայաստանի Հանրապետությունում ՎԶԵԲ-ը մասնակցել է 210 ծրագրերի ֆինանսավորմանը, ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 2.080 միլիարդ եվրո, որից 343 մլն եվրոն` ընթացիկ ծրագրերի գծով: ՀՀ մասնավոր հատվածում ներդրումների չափաբաժինը Բանկի պորտֆելում կազմում է 81%:
Կարծիքներ