Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:
Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։
Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը:
Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։
ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին։
Տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ վերջինիս հուղարկավորության կազմակերպման նպատակով։
Կարծիքներ