Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով:
Համերգին կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» արիայի Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․ Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Գուրջիևի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։
Առջևում ապրիլի 24-ն է․ իմ ստեղծագործական գործունեության ընթացքում, կարծում եմ, չի եղել տարի, որ չանդրադառնամ մեր պատմության այս ողբերգական էջին՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Այս տարի ապրիլի 20-ի մենահամերգս նույնպես նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Թեմային համահունչ կազմել եմ հատուկ ծրագիր՝ Գուրջիևի միստիկ երաժշտությամբ, բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև կներկայացնեմ դաշնամուրային մի քանի փոխադրումներս և երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարէ» պիեսի պրեմիերան»,- նշում է Հայկ Մելիքյանը։
«Ապրելու մեծ խորհուրդ կա այս մենահամերգում․ այն բարեգործական է, համերգի ողջ հասույթը պետք է տրամադրվի SOAR-ի՝ ընկած զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնին»,- հավելում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։
Կարծիքներ