Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար
Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- նշել են ՀՀ ոստիկանությունից:
Ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, որից հետո իրականացվել է հրավառություն:
Կարծիքներ