Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գևորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ առկա են խորհրդարանական համագործակցության, համատեղ աշխատանքներ ծավալելու հնարավորություններ՝ հիմնված գործընկերային ջերմ հարաբերությունների և ձևավորված ավանդույթների վրա:
Արմեն Գևորգյանը խոսել է հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրները: Հաջորդ շաբաթ նախատեսվում են քննարկումներ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումներին մասնակցության և շուկաների հասանելիության արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ 2020-2025 թթ. խոշորագույն արդյունաբերական շինարարության ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտային և օրակարգային մի շարք հարցերի:
Կարծիքներ