Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ
ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է РИА Новости-ն։Իրավապահների տվյալներով՝ ցուցարարների թիվը կարող է հասնել շուրջ 50 հազարի: Քաղաքի ոստիկաններին միացել են նյույորքցի մոտ 200 իրավապահներ: Մարդիկ հավաքվել են Կապիտոլիումի շենքին հարակից Փենսիլվանիայի պողոտայում: Ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշները և պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Իսրայելին: Հրեական կազմակերպությունները ավելի վաղ հայտարարել էին այս ակցիան անցկացնելու մտադրության մասին։ Երկուշաբթի՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստվում է անձամբ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելին ցուցաբերած աջակցության համար: Նա պատրաստվում է նաև Կոնգրեսին հավաստիացնել, որ անկախ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքներից Իսրայելը մնում է ԱՄՆ կարևորագույն դաշնակիցը Մերձավոր Արևելքում:Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 25-ին կհանդիպի Բայդենին և երկրի նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսին, իսկ հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Կարծիքներ