53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է սպանության սպառնալիքի և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 53-ամյա բնակչի և վերջինիս 43-ամյա կնոջ միջև համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար տեղի են ունեցել վիճաբանություններ՝ խանդի շարժառիթով, ինչը և ամուսնալուծության պատճառ է հանդիսացել: Ամուսնալուծությունից հետո կինն ընտանիքի մյուս անդամների հետ միասին վարձակալական հիմունքներով սկսել է բնակվել Արմավիրի մարզում:
Դեպքի օրը՝ 2020 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կնոջ հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, տղամարդը գնացել է վերջինիս տուն:
Տեսնելով, որ դարպասը փակ է, անցել է բակի պարսպի վրայով, մուտք գործել տան բակ, ձեռքով հարվածել տան դռանը՝ պահանջելով բացել այն, սակայն կինը մերժել է նրան` ասելով, որ չի ցանկանում տեսնել և խոսել նախկին ամուսնու հետ:
Կնոջ մերժմանն ի պատասխան և վերջինիս կամքին հակառակ, բնակարան ապօրինի մուտք գործելու դիտավորությամբ, բռունցքով հարվածելով՝ նախկին ամուսինը կոտրել է պատուհանի ապակին, ներս մտել, հայհոյել և դանակի նմանվող առարկայով սպառնացել կնոջը, թե կսպանի, եթե իր հետ չապրի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ