Վրաստանի խորհրդարանի նախագահը որոշել է մեկնել Ուկրաինա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, որի արդյունքում որոշել է մեկնել Ուկրաինա՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Պապուաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվում է Ուկրաինա մեկնելուց՝ հանրապետության իշխանությունների դեմ Կիևի գործողությունների պատճառով։ Ինչպես նշել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահը կարող է այցելել Ուկրաինա, եթե այդ հանրապետության իշխանությունները բացատրեն, թե ինչու են տարբեր մեղադրանքներ ներկայացրել իրենց վրացի գործընկերներին։
Ապրիլի 4-ին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը վրացական Formula հեռուստաալիքի հետ հարցազրույցում, հղում անելով պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը, ասել էր, որ Թբիլիսին և Մոսկվան, իբր, բանակցում են զենքերի փոխադրումների համար մաքսանենգ ճանապարհ ստեղծելու շուրջ։ Հայտարարությունը դատապարտել են Վրաստանի ֆինանսների նախարարությունը, պետական անվտանգության ծառայությունը և իշխող կուսակցությունը։ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը պարզաբանումների համար կանչվել էր Վրաստանի ԱԳՆ։
Կարծիքներ