Քննական կենտրոն մուտք գործելուց առաջ բոլոր դիմորդները ջերմաչափվելու են
Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կջերմաչափվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Քննության ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում կիրականացվի, եթե դիմորդը դիմակ չունենա, նրանց կտրամադրվի դիմակ։ Այն դիմորդները, ովքեր ջերմություն կունենան, քննություններին չեն մասնակցի։ Բացառություն կկազմեն այն դիմորդները, որոնք ունեն առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված` մշտապես ունենում են բարձր ջերմություն կամ ջերմության տատանումներ։ Նման դեպքում դիմորդները պետք է տեղամասային պոլիկլինիկայից հիվանդության հիմնավորմամբ թուղթ ներկայացնեն, որից հետո միայն կկարողանան մասնակցել քննությանը»,-նշել է Հարությունյանը։
Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։
Հայաստանում միասնական քննություններն անց են կացվելու հուլիսի 2-ին (Օտար լեզուներ), այնուհետև շարունակվելու են հուլիսի 4-ին (Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա), հուլիսի 6-ին՝ (Մաթեմատիկա) և հուլիսի 8-ին (Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա):
Կարծիքներ