«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջումը դադարեցվել է. այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ

Մթության պատճառով «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։
«Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ-ից հիշեցնում են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Կարծիքներ