ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը:

«Այցի ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է հարկային վարչարարության իրականացման նպատակով մշակված էլեկտրոնային ծառայությունները, որից հետո մտքեր են փոխանակվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով ակտիվացնել շփումները նաև փորձագիտական մակարդակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը ներկայացրել է նաև հարկային վարչարարության ոլորտում բջջային հավելվածների կիրառման փորձը ինքնազբաղ հարկ վճարողների հարկման համակարգում, որի ներդրումն էականորեն պարզեցրել է հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերությունները:

ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարը շեշտել են բարձր մակարդակի սերտ շփումների հաճախականության պահպանման կարևորությունը, որն էականորեն խթանում է փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում