Պատվաստումներն ավելի հասանելի են դառնում. նոր շարժական կետ՝ Ապարանի կենտրոնում
Ապարանի կենտրոնում «Գնթունիք» ՍՊԸ-ի երկրորդ հարկում սկսել է գործել պատվաստումների շարժական նոր կետ:
Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, պատվաստման շարժական կետերի համակարգող Լուսինե Հովհաննիսյանը հայտնեց, որ այն գործում է նոյեմբերի 28-ից:
«Շտապօգնության մեքենան կանգնած է հենց «Գնթունիքի» դիմաց: Իսկ պատվաստումն իրականացվում է երկրորդ հարկում»,- ասաց Հովհաննիսյանը:
Այդ հատվածում մարդկանց շարժը շատ է, նոր կետում պատվաստվում են մեծ մասամբ մոտակա տարածքների բնակիչները: Այդ ճանապարհով անցնող ուղևորները ևս, նկատելով «Շտապ օգնության» մեքենան, երբեմն կանգ են առնում, պատվաստվում: Նոր շարժական կետում առկա են Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը: Այստեղ ևս պատվաստումից առաջ իրականացվում է անհրաժեշտ զննություն, չափում են ջերմությունը, զարկերակային ճնշումը, ստուգում սատուրացիան, կատարում առողջական վիճակի մասին ճշտումներ:
Պատվաստումների շարժական կետը գործում է ժամը 11:00-18:00-ն:
Հայաստանում պատվաստումներ իրականացվում են Sputnik V, AstraZeneca, Sinopharm, Moderna պատվաստանյութերով:
Կարծիքներ